1. Այն, ինչ մի ժամանակ ամոթ էր, հիմա հակառակը` նորաձև է: Ուրեմն.
    1. Առաջ ամոթ էր /անգամ վտանգավոր/ քաղաքականությունից խոսելը, հիմա` հակառակը:
    2. Առաջ ամոթ էր շիշ հանձնելը, հիմա` հակառակը: Եվ ոչ միայն շիշ, այլև պոլիէթիլենային տոպրակներ, տարաներ, թուղթ /մակուլատուրա/: Ոչ միայն ամոթ չէ, այլև անհրաժեշտ է հավաքել և հանձնել: Բացի այդ էկոլոգիան ևս մի անգամ չվնասելու նպատակով շատերը պոլիէթիլենային տոպրակների փոխարեն ձեռք են բերում բազմակի օգտագործման թղթե կամ կտորե տոպրակներ /այդ թվում` հայտնի մարդիկ/:
    3. Ամոթ էր ռեստորաններից կիսատ թողնված սնունդը վերցնելը, հիմա` հակառակը: Վճարել ես` վերցրու:
    4. Ամոթ էր բողոքներ գրելը քաղաքական գործիչներին կամ ոստիկանություն զանգելը, հիմա` հակառակը:
    5. Ամոթ էր երկու տարի անընդմեջ նույն բջջային հեռախոսով <ման գալը> և համակարգիչը հաճախակի փոխելը, որովհետև գույնը այս սեզոնի նորաձևության հետ համահունչ չէ, հիմա` հակառակը: <Հնացած> տեխնիկան արդեն իսկ մեծ խնդիր է աշխարհի շատ երկրների համար: Մարդիկ գերադասում են ունենալ մեկ հեռախոս և մեկ անձնական համակարգիչ /նոութբուք/, քան մի քանի հատ բազմաֆունկցիոնալ հեռախոսներ ու տարբեր չափերի համակարգիչներ, որոնց ֆունկցիաների մասին նույնիսկ գաղափար չունեն:
    6. Ամոթ էր անգույն էկրանով բջջային օգտագործելը, երբ արդեն Bluetooth-ով մոդելներ կան, հիմա` հակառակը: Բջջայինը միայն զանգերի և sms-ի համար է, մնացածը կարելի է նաև համակարգչով անել:
    7. Ամոթ էր հասարակական տրանսպորտից օգտվելը: Շատերը նույնիսկ մինչև հարևան շենքի տակի խանութ տաքսիով էին գնում: Հիմա` հակառակը: Բացի այդ` նոր և խրախուսելի տենդենց է ոտքով քայլելը և հեծանիվով տեղաշարժվելը:
    8. Ամոթ էր կարմիր լույսի տակ ապուշի պես կանգնելը, երբ փողոցում մեքենա չկար /կամ նույնիսկ եթե կար/: Հիմա` հակառակը: Շատերը յուրահատուկ հաճույք են ստանում օրենքներին հետևելուց:
    9. Ամոթ էր հարկեր վճարելը: Հիմա` հակառակը: Գործատուներից շատերը հասկանում են, որ հարկերի միջոցով է մեր պետությունը վճարում թոշակներ, նպաստներ, ֆինանսավորում կրթությունը, առողջապահությունը և այլն: Ուզում եք 40 տարի հետո չբողոքել ցածր թոշակներից, ուրեմն մտածեք, որ հարկեր վճարելու <սովորությունը> պետք է ձեռք բերել այսօր և սովորեցնել նոր սերունդներին:
Advertisements