Ի տարբերություն եվրոպական կամ ամերիկյան հոլովակների` հայկական գովազդների մեծ մասն աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, ցածր որակով, եթե հաշվի չառնենք հաճախ սխալ ընտրված, այս կամ այն տեղից գողացված երաժշտությունը, կարգախոսը, սցենարը, պատկերները ևն: Քաղաքով զբոսնելիս վերջերս երկու շատ հետաքրքիր գովազդային ցուցանակներ նկատեցի: Առաջին ցուցանակի վրա գրված էր. «խանութ նորմալ մարդկանց համար»: Երկրորդ ցուցանակը հետևյալն է. «Էքստրեմալ գներ»: Կա’մ մոռացել են գրել` էքստրեմալ բարձր, թե ցածր, կա’մ էլ ուզում էին «տպավորություն թողնել»: Ուղղակի հաշվի չէին առել, որ տպավորությունը կարող է և բացասական լինել:

Մեր հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդների մեջ վերջերս մեծ թիվ են կազմում ժարգոնային բառեր կամ արտահայտություններ պարունակող, «մուննաթով» խոսող կերպարներով հոլովակները, որոնք, անցնելով սահմանագիծը, արդեն չեն նայվում և նույնիսկ հակառակ ազդեցությունն են թողնում: Բացի դրանից նրանք նաև բացասական հետևանք են ունենում դիտորդների առօրյա-խոսակցական լեզվի մաքրության վրա: Հետաքրքիր մի օրինաչափություն էլ կա. վերջին շրջանում բազմաթիվ գովազդային հոլովակների մեջ գործածվում է «և որ ա’մենակարևորն է…» արտահայտությունը, ընդ որում` սխալ շեշտադրությամբ` «և որ ա’մենակարևորն է…», որին սովորաբար հաջորդում է իր կարևորությամբ առանձնապես աչքի չընկնող մի պնդում կամ փաստարկ: Վատ չէր լինի, եթե շատերը գիտակցեին, որ գովազդի հիմնական նպատակը սպառողի նյարդային համակարգի դիմադրողականությունը չափելը չէ:

Կարծում եմ բոլորս շատ լավ հիշում ենք և սիրում ենք այս գովազդը. «… ես սուպերմայրիկ ունեմ… ուսուցիչն ասաց, որ լվանանք մեր ձեռքերը, և հանկարծ իմ շապիկը սպիտակեց, և ուսուցչին դուր եկավ իմ նկարը…»

Դրական օրինակ են վերջերս քաղաքում հայտնված նստարանները, որոնց վրա բացի գովազդ տեղադրելուց կարելի է նաև նստել: Սակայն հույս ունեմ, որ դրանց թիվը չափից դուրս չի շատանա, ինչպես միշտ լինում է ամեն հաջողված գաղափարի հետ…

Advertisements