Գովազդում օգտագործվող հնարքները շատ-շատ են, բայց դրանց հիմնական նպատակը մարդու նկատմամբ հոգեկան գրոհն է: Եվ մեր միակ զենքը հեռուստացույցն անջատելն է: Նմանատիպ բազում հիպնոտիկ հնարքներից մեկն էլ թռիչքի զգացողությունն է: Տասնյակ հոլովակներում այդ հնարքը ստանում են բարձրացող վերելակի, օդ ելնող ինքնաթիռի կամ պարզապես թռիչքի ձևով: Ասվածի տիպիկ օրինակ են «Bonaqua¦ ապրանքանիշի գովազդները: Հաճախ օգտագործվում են նաև պրովոկացիոն հարցեր, կադրեր կամ կերպարներ, ինչպես, օրինակ, մերկ մարմին հիշեցնող պատկերները և այլն: Այս և նմանատիպ հնարքները առաջացնում են ասոցիացիաներ: Ընդհանրապես ասոցիացիաների ուժը գովազդում շատ մեծ է, այդ պատճառով էլ պետք է շատ զգույշ լինել սցենարի, կերպարների և մյուս գործոնների  ընտրության հարցում: Եթե ապրանքը ասոցացվում է որևէ դրական, հաճելի երևույթի հետ, ապա գովազդի ազդեցությունը նրա պահանջարկի վրա նույնպես լինում է դրական:

Օրինակ «ROLEX¦ ֆիրմայի ապրանքատեսակները ասոցացվում են հաջողակ կարիերայի հետ: Համապատասխանաբար սխալ ասոցիացիաները ունենում են հակառակ ազդեցությունը: Ինչպես, օրինակ, արտասահմանյան մի ապրանքատեսակի հետ պատահեց: Գովազդվող ապրանքը ցավազրկող քսուք էր, որի գովազդի սցենարը շատ հետաքրքիր և գեղեցիկ էր, բայց հենց առաջին ցուցադրումներից հետո այդ ապրանքի պահանջարկը կտրուկ ընկավ: Հետագայում երկարատև հետազատությունների և մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ ամբողջ հարցը գովազդային հոլովակում նկարահանված դերասանուհու մազերի գույնն է: Դրանք շիկակարմիր էին: Հարցումների միջոցով պարզ դարձավ, որ այդ շրջանի բնակիչները չեն սիրում շիկակարմրահեր աղջիկների: Արդյունքում դերասանուհուն փոխեցին, ընտրեցին սևահերի, սցենարը մնաց նույնը, բայց ապրանքի պահանջարկը գրեթե կրկնակի մեծացավ: Այստեղ ասոցիացիայից բացի գործեց տարածաշրջանի էթնիկ առանձնահատկություններից մեկը` մազերի գույնի նախընտրությունը: Ինչպես այս դեպքում, այնպես էլ մյուսների անհրաժեշտ է հաշվի առնել թիրախ խմբերի էթնիկ առանձնահատկությունները, նրանց շրջանում ընդունված ավանդույթները և սովորույթները, ինչպես նաև տարիքային և այլ գործոնները: Այլ կերպ ասած` պետք է կազմել պոտենցյալ սպառողի հոգեբանական պատկերը:

Բացի այս, գովազդը պետք է համապատասխանի այն ապրանքին կամ ծառայությանը, որը ներկայացնում է, ունենա տրամաբանական կապ ապրանքի և ցուցադրվող պատկերների, ներկայացվող պատմության, հնչող երաժշտության և ձայների միջև: Հակառակ դեպքում սպառողը կկորցնի իր հետաքրքրությունը դրա նկատմամբ կամ ուղղակի կնյարդայնանա, ինչպես օրինակ հարիսա եփող տնային տնտեսուհու` դիսկո գնալու գովազդը նայելիս:

Գովազդի մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Advertisements