Հաճախ պատահում է այսպես. մտնում եք սուպերմարկետ, գնում եք ձեզ անհրաժեշտ ապրանքներ, գնում եք տուն և բացահայտում, որ իրականում չէիք նախատեսել ձեռք բերել գնածի մեկ երրորդը: Սուպերմարկետների ակնհայտ բացասական կողմերից մեկը /գնորդի տեսանկյունից/ գնումների վերահսկման նվազումն է: Նման արդյունք ստանալու համար խանութները օգտագործում են մի շարք հնարքներ, որոնցով ազդում են «ավելորդ» գնումների մակարդակի բարձրացման վրա:

  • Մեծ սայլակ: Ընդհանրապես, չնայած որ մեծ սայլակը հեշտացնում է գնորդի գործը, այն նաև ազդում է գնումների քանակի վրա: Սայլակի դատարկ տարածությունը անհարմարություն է առաջացնում գնորդի մոտ, վերջինս էլ աշխատում է այն լցնել: Արդյունքում` չնախատեսված գնումներ:
  • Հայելիներ: Հագուստի խանութներում սովորաբար շատ հայելիներ են տեղադրում: Որպես կանոն, դրանց կողքով անցնելիս մարդիկ դժգոհ են մնում իրենց արտաքին տեսքից: Սա դառնում է նոր հագուստ գնելու պատճառ` անկախ նրանից, թե նոր հագուստի կարիք կա, թե ոչ:
  • «Երեք ապրանք երկուսի գնով», «Տեսականու վերջնական վաճառք», «90% զեղչ» և այլ գրությունները գնորրդների մոտ ստեղծում են ավելորդ ոգևորություն: Իսկ արդյունքը լինում է չնախատեսված գնումների մի ամբողջ փաթեթ:
  • Առաջին անհրաժեշտության ապրանքները /հաց, կաթնամթերք, միս, պանիր/ սովորաբար գտնվում են խանութի /հատկապես մեծ խանութների/ վերջում: Այս քայլի արդյունքում գնորդները ձեռք են բերում լրացուցիչ ապրանքներ, որոնց հանդիպում են իրենց ճանապարհին մինչև խանութի ահրաժեշտ հատվածը հասնելը:
  • Մեծ խանութներում հաճախ կարելի է նկատել մանր-մունր բաներով լցված առանձին դարակներ կամ ստենդներ: Երբեմն բացակայում են գները: Երբ գնորդը քայլում է խանութով, ուշադրություն չի դարձնում մանր ապրանքների գներին` մտքում դրանց բավականին փոքր գին տալով: Բացի այդ շատ քչերը կվերադառնան այդ ապրանքի հիմնական դարակին գինը ճշտելու համար:
  • Հագուստի խանութներում գոյություն ունի «ընդամենը մի օրինակ մնացած» հագուստի կախիչ, որը իրականում հավաքվում է միտումնավոր: Այս կախիչը գնորդի մոտ ասոցացվում է որպես լավագույն և արագ վաճառված տեսականու միայն մեկ օրինակ մնացած հագուստների անկյուն: Արդյունքում այստեղից ավելի շատ բան են գնում, քան նոր տեսականու սրահներից:
  • Երեխաների համար նախատեսված ապրանքները, խաղալիքները տեղադրվում են ներքևի դարակներում, որպեսզի դրանք տեսանելի լինեն մանուկներին: էէէ… ծնողների համար իրենց երեխաներին մերժելը բարդ է…
  • Մարդիկ ավելի մեծ հավանականությամբ լայնածավալ գնումներ կկատարեն զեղչերի ժամանակ: Օրինակ, եթե սովորական պայմաններում գնորդը պատրաստ է տվյալ խանութում կատարել ընդամենը 50.000դրամի գնում, ապա զեղչի դեպքում այդ թիվը կարող է հասնել մինչև 70.000-80.000: Շատերի մոտ ուղղակի այնպիսի տպավորություն է, որ նրանք արդյունավետ գործարք են կնքում` գնելով նույն իրերը ավելի ցածր գնով: Սակայն իրականում ծախսված գումարը գերազանցում է նախատեսվածը, իսկ գնումների մի մասի կարիքը սպառողը ուղղակի չուներ: Խորհուրդ:

Ուշադիր եղեք գնումներ կատարելիս, եթե գնորդ եք: Խելացի դասավորեք և ձևավորեք ձեր խանութը, եթե վաճառող եք: Ով ավելի ճիշտ օգտագործի ուշադրություն շեղելու մեխանիզմը, նա էլ կշահի /կստանա ավելի շատ եկամուտ կամ կկատարի ավելի քիչ անարդյունավետ գնում/:

Advertisements