Պրակատնոցի էֆեկտ, ինչպես անվանեց այս էֆեկտը Դավիթը, ում հետ համատեղ ուսումնասիրում ենք հայ իրականության պարադոքսները և էֆեկտները:
Թերևս նկատած կլինեք, որ երբ մոտակայքում բացվում է դեղատուն, ապա մի քանի ամիս հետո հարևանությամբ բացված դեղատների թիվը սկսում է մոտենալ 10-ի, եթե ոչ ավելի: Հետո աստիճանաբար մի քանիսը դուրս են գալիս մրցակցությունից, բայց արդյունքում իրար մոտ սկսում են գործել 4-5 դեղատուն: Այսպես է հագուստի խանութների, սրճարանների և ընդհանրապես հայերի նախաձեռնած ցանկացած բիզնեսի դեպքում: Այն կարելի է անվանել բիզնեսի մուլտիպլիկատորի էֆեկտ:
Եկեք հասկանանք` որ դեպքում է այս էֆեկտը դրական և որ դեպքում` բացասական:
Երբ դուք որոշել եք սկսել այնպիսի բիզնես, որին մրցակիցները միայն կխանգարեն, ապա այս էֆեկտը ձեզ համար բացասական է: Օրինակ` եթե որոշել եք բացել դեղատուն: Պատկերացրեք, որ որևէ մեկին շտապ դեղ է անհրաժեշտ: Հասկանալի է, որ նա միանշանակ ձեզնից կգնի իրեն անհրաժեշտ դեղը: Հիմա պատկերացրեք, որ դուք դեղատունը բացել եք մեկ այլ դեղատան հարևանությամբ: Որտեղի°ց կգնի նույն դեղը այդ նույն բնակիչը:
Պատասխան. որտեղ այն ավելի էժան է:
Իսկ եթե դուք նոր եք բացվել, ապա պետք է գոնե ինքնածախսածածկում ապահովեք և ձեզ ձեռնտու չի լինի դեղը ինքնարժեքից ցածր վաճառելը: Իսկ եթե ձեր մրցակիցը աշխատում է վաղուց, ապա նա միանգամայն կարող է իրեն թույլ տալ որոշ դեղեր վաճառել ինքնարժեքից ցածր` ձեզ մրցակցությունից դուրս մղելու համար: Այսպիսով` երկու դեպքում էլ դուք շատ արագ կփակեք ձեր բիզնեսը:
Եթե փորձեք բացել դեղատուն այպիսի տարածքում, որտեղ մոտակա մրցակիցը բավականին հեռու է, ապա կունենաք ժամանակ հարմարվելու և հետագա մրցակիցներին դուրս մղելու համար, քանի որ կգտնվեք նախորդ «հզոր» դեղատան կարգավիճակում: Այլ կերպ ասած` այս դեպքում ձեր ուժերը կներեն գին իջեցնելու միջոցով մրցակիցներին դուրս մղել:
Հիմա անդրադառնանք բիզնեսի մուլտիպլիկատորի դրական էֆեկտին: Եթե որոշել եք բացել հագուստի խանութ, ապա ավելի նպատակահարմար կլինի ընտրել այնպիսի վայր, որտեղ նման խանութների թիվը մեծ է: Ինչու°:
Երբ մարդիկ դուրս են գալիս հագուստ գնելու, նրանք կարող են այցելել ինչպես կոնկրետ խանութ, այնպես էլ խանութների շարք: Երկու դեպքում էլ մեծ է հավանականությունը, որ ձեր խանութ կայցելեն, ինչը չի կարելի է ասել այն պարագայում, երբ դուք հագուստի ձեր բիզնեսը սկսեք այնպիսի փողոցի վրա, որտեղ մոտակա մի քանի հարյուր մետրի վրա միայն դուք եք:
Երբ մարդը որոշում է գնալ կոնկրետ խանութ, միևնույն է, չի զլանում այցելել նաև հարևան մի քանի խանութները` հույս ունենալով, որ այնտեղ ավելի ձեռնտու գործարք կկնքի /ավելի լավ գնում կկատարի/: Իսկ եթե մարդը դուրս է գալիս «շոփինգի», դա նշանակում է, որ նա մտադիր չէ սահմանափակվել միայն տաբատ կամ կոշիկ գնելով: Ամենայն հավանականությամբ ձեր խանութը /եթե այն համարժեք խանութների շարքի մեջ է/ կհայտնվի պոտենցյալ գնորդի ցուցակում, եթե նույնիսկ ձեր մասին նա չէր էլ լսել:
Հետևություն` միշտ պետք է հաշվի առնել բիզնեսի մուլտիպլիկատորի էֆեկտը և նրա ազդեցությունը ձեր բիզնեսի վրա: Մի դեպքում այն կարող է սնանկության հասցնել, իսկ մյուս դեպքում` ապահովել գնորդների մի ստվար զանգված:

Advertisements