Շատ հաճախ բոլորս կանգնում ենք երկընտրանքի առաջ: Ընդ որում` ոչ միշտ է, որ երկու որոշումներն էլ համարժեք են լինում: Ավելի հաճախ դրանք իրար բացառող են: Առաջինը լավ է հիմա /կարճաժամկետ հատվածում/, բայց հնարավոր բացասական հետևանքներ կարող է ունենալ հետո /երկարաժամկետ հատվածում/: Իսկ մյուս որոշումը լավ է հետո, բայց հիմա` ոչ այնքան: Հարց. ո°րն ընտրել:

Բերեմ մի օրինակ, որի հետ, համոզված եմ, մեծ մասս առնչվել ենք: Ենթադրենք Ա-ի ամուսին Բ-ն չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում /դա, որպես կանոն, վատ փնտրելու կամ գտնված աշխատանքները արհամարհելու հետևանք է/: Բարոյական նորմերն «ասում են» Բ-ին, որ կինը չպիտի աշխատի, այլ տղամարդը պիտի պահի ընտանիքը: Եվ այդ համոզմունքից ելնելով` նա որոշում է մեկնել արտասահման աշխատելու: Քանի որ դա էթիկորեն ընդունելի է հասարակության կողմից, ապա Բ-ն որոշում է, որ դա է կյանքի ճշմարտությունը և առանց իր երկրում շատ չարչարվելու /որ աշխատանք գտնի/ մեկնում է արտասահման:
Ա-ն չի կարող բողոքել հասարակության դեմ, քանի որ նրան չեն հասկանա: Ամուսինը նրա համար է տանջվում, փող է ուղարկում, որ ընտանիքը պահի, իսկ ապերախտ Ա-ն մի հատ էլ բողոքում է:
Քանի որ էթիկորեն չի սահմանվում, թե ինչ հաճախականությամբ է պետք վերադառնալ արտասահմանից, որ այցելես Ա կնոջդ և հնարավոր Գ և Դ երեխաներիդ, ապա այդ այցելությունների միջև ժամանակահատվածները երկրաչափական պրոգրեսիայով աճում են: Երբեմն նույնիսկ այնքան, որ հաջորդ այցելությունը կարելի է ակնկալել կնոջ մահից հետո:

Արտասահմանում նույնպես առաջանում է երկընտրանք, դավաճանել կնոջը, թե ոչ: Որպես կանոն` էթիկան լռում է, և պատասխանը լինում է «ինչը բնական է, դա բարոյական է» արտահայտությունը: Արդյունքում կարճաժամկետում ճիշտ թվացող այս որոշումը երկարաժամկետ հատվածում բերում է երկրորդ կամ նույնիսկ երրորդ ընտանիքի Ե, Զ, Է… երեխաների: Դրա հետևանքով նվազում է այն գումարը /կամ, երբեմն, նույնիսկ դադարում է/, որն ուղարկվում էր Ա-ին, քանի որ նա դառնում է ավելի օտար ժամանակի և տարածության մեջ, քան Բ-ի հնարավոր սիրուհիները:

Դա դեռ վերջը չէ: Շատ դեպքերում Ա-ն նույնպես որոշում է «ձախ» գնալ և սիրեկան է պահում: Այս պարագայում դժվար է հասարակության անունից որևէ պիտակ կպցնել երիտասարդ կնոջը, որ սեռական կյանք վարելու նույնքան կարիք ունի, որքան իր ամուսինը: Շղթան կարելի է շարունակել անհայր մեծացող երեխաների վարքագծի փոփոխություններով և ապագա «մասնագիտության» ընտրության ռիսկերով և այլն:

Հիմա ամփոփենք:
«Խոպան գնա°լ, թե° չգնալ» որոշումը գնալ դեպքում կարճաժամկետ հատվածում բերում է դրական արդյունք` փողի տեսքով: Սակայն երկարաժամկետ հատվածում Բ-ի հնարավոր սիրուհիների, Ա-ի հնարավոր սիրեկանների /որը նույնքան բնական և բարոյական է, որքան Բ-ինը/, նվազող փողի և մնացած հնարավոր հետևանքների ամբողջությունը, համաձայնեք, շատ հեռու այն սկզբնական նպատակից:
Եթե պատասխանենք չգնալ և փորձենք Հայաստանում գտնել աշխատանք, անգամ եթե դա «ոչ պրեստիժ» աշխատանք է, ապա գուցե կարճաժամկետ հատվածում ունենայինք ոչ այնքան բավարար գումար /չնայած փորձը ցույց է տալիս, որ խոպանից ուղարկվողի հետ այն միանգամայն համարժեք է/, բայց երկարաժամկետ հատվածում սիրուհիների, սիրեկանների, առանց հայր մեծացող երեխաների և այլ բացասական հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել:
Գլոբալ որոշումներ կայացնելիս մի խուսափեք կողակցի խորհրդին հետևելուց և մի’ մոռացեք կանխատեսել Ձեր իսկ որոշման ապագա հետևանքները:

Advertisements