Ինչպես և խոստացել էի Վերանվիրելու 7 պատվիրանները հոդվածում, ձեզ եմ ներկայացնում մի բամբաներկայի պատմությունը:

Առավոտյան սուպերմարկետում սովորականից ավելի շատ մարդ կար, մի տեսակ անսովոր եռուզեռ էր: Բամբաներկան, որ դեռ չորս ամսական էր, չգիտեր պատճառը: Նա հարցրեց հարևան շոկոլադներից մեկից, ով արդեն մեկ տարեկան և հինգ ամսական էր և անցել էր այս եռուզեռի միջով: Վերջինս պատասխանեց, որ շուտով Նոր տարի է, մարդիկ իրար տուն են այցելելու և նվերներ են տալու, ավելի հաճախ` հենց մեր հերոսի նման նվերներ և խմիչք:
Բամբաներկան ուրախացավ: Ինքը` որպես նվեր: Ի~նչ երջանկություն: Նա հպարտ էր, որ մարդիկ ուրախանում են, երբ իրեն են տեսնում: Չնայած որ դեռ երիտասարդ էր, բայց տեսել էր, թե ինչպես են նվեր առնում մարդիկ, որ իրենց հարազատները ուրախանան; Ծերացած շոկոլադը նայեց Բամբաներկայի երջանիկ ժպիտին և քմծիծաղեց…
Բա ո~նց…
Այդ օրվա ընթացքում Բամբաներկայի գրեթե բոլոր ծանոթներին գնեցին և տարան խանութից: Նա էլ երկար չմնաց. վերջին հաշվով շատ գեղեցիկ կապույտ երեկոյան զգեստ էր հագին…
Տանը նրան գցեցին իր նման մի քանի տասնյակ կոնֆետների տուփերի հետ: Տուփերը նայեցին նորեկին և նորից շրջվեցին ու քնեցին: Բամբաներկայի ոգևորված և հուզված հարցերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց:
Մի քանի օր անց Բամբաներկային կոնյակի հետ վերցրեցին հյուր: Տոպրակը նեղ էր, երկուսով զոռով էին տեղավորվում: «Ինչ ժլատ մարդիկ են…»,- մտածեց Բամբաներկան, բայց բարձրաձայն ոչինչ չասաց:
Հյուրերի տանը նույնիսկ չնայեցին, թե տոպրակի մեջ ինչ կա: Բամբաներկան սպասում էր, որ նրան կհանեն տոպրակից և կհիանան իրենով, բայց այդպես չեղավ: Նրան դրեցին խոհանոցում: «Գրիգորենց տուն գնալիս հետներս կտանենք»,- ասաց տանտիրուհին:
Գրիգորենց տանը տեղի ունեցավ նույնը: Այս անգամ Բամբաներկային մտածում էին տանել Աղասենց տուն:
Հետո Սուսոյենց, հետո Արտակենց, հետո…
Այս շրջագայության ընթացքում Բամբաներկան նկատեց, որ տոպրակը նույնիսկ չփոխեցին…
Արդեն հունվարի տասն էր, որ հերթական անգամ նրան տարան հյուր: Ճանապարհին Բամբաներկան հոգնածությունից ու ձանձրույթից քնել էր: Կոնյակի մասին արդեն ամեն ինչ գիտեր, էլ խոսելիք չէր մնացել…
Այս անգամ էլ նրան գցեցին խոհանոցում: Երբ հյուրերը գնացին, տանտիրուհին մտավ խոհանոց և բացեց տոպրակը:
«Արսե°ն,-ասաց տանտիրուհին,- էս Նոր տարի էլ տեղ չենք գնալու, չէ°,- և առանց պատասխան սպասելու ցածրաձայն ավելացրեց,-լա’վ, թող մնա, մեկի տուն գնալիս կտանենք, մեկա ժամկետը չի լրացել»:

Advertisements