Նիմֆոմանիան (νύμφη (nymphe) — հարսնացու, μανία (mania) — կիրք, խալագարություն, լատ. nymphomania) կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երևույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում /ավելի հաճախ/ այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաև կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետևանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաև սեռական անբավարարության:
Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապող կանայք /նիմֆոմանուհի/ դա չեն կարողանում: Արդյունքում պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միևնույն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է նրանց զուգընկերը:
Հիվանդությունը կարող է առաջանալ նաև մենստրուալ ցիկլի դադարից /կլիմաքս/ հետո, չնայած այս դեպքը շատ հազվադեպ է պատահում և թաքնված հոգեկան խանգարումների /շիզոֆրենիա, հիստերիա, փսիխոզ և այլն/ արդյունք է:
Նման հիվանդություն գոյություն ունի նաև տղամարդկանց մոտ (հուն. ο Σατιρος — Սատիր — անտառային աստվածներ, պտղաբերության դևեր, որոնք հայտնի էին ալկոհոլի նկատմամբ հակվածությամբ և նորմայից բարձր սեքսուալ ակտիվությամբ: Սովորաբար ուղեկցում էին խաղողի և գինու Դիոնիսոս աստծուն): Ընդ որում` սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը և պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ: Այդպես անվանել են դեռևս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի և բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ:
Իսկ Սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների (կապված սեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ) կամ թերարժեքության բարդույթի հետևանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Ընդ որում` նման տղամարդիկ, ինչպես և նիմֆոմանուհիները, տևական կապեր չեն ունենում միևնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են չափից դուրս շատ: Չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես և նախորդ դեպքում, այնպես էլ այս, սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ:
Թե’ նիմֆոմանիան, թե’ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը և ժամանակին դիմում է բժշկի, սակայն, կախված հիվանդության էտապից, կարող է երկար բուժում պահանջվել, այդ թվում նաև հոգեբանական աջակցություն:

Advertisements