Հիշում եմ, երբ առաջին անգամ ոգևորված նստեցի դասի արդեն որպես ուսանող (կամ ուսանողուհի բոլոր նրանց համար, ովքեր լուրջ ուշադրություն են դարձնում –ուհի վերջածանցի վրա), լսեցի մի հետաքրքիր արտահայտություն, որ մինչև հիմա չեմ հասկանում.

-Մոռացեք ինչ սովորել եք դպրոցում: Սխալ-մխալ բաներ եք սովորել/ձեզ պետք չէ ձեր սովորածը…

Ապշած եմ: Ինչպե°ս կարելի է մի նախադասությամբ մարդու 10 տարիների կյանքի փորձը հավասարեցնել զրոյի: Կամ եթե, վերջին հաշվով, դպրոցական տարիների գիտելիքները չեն համապատասխանում իրականությանը, ուրեմն ինչու° ենք դպրոց գնում, իսկ ինչու° եք դուք, նման արտահայտությունների սիրահար դասախոսներդ, ձեր երեխաներին ուղարկում դպրոց…

Աշխատանքային առաջին օրվա ընթացքում էլ նման մի բան լսեցի.
-Համալսարանում սովորածդ պետք չի գա…
Բա ինչու° եմ 4 տարի անիմաստ չարչարվել…

Ընդհանրապես ինչու° եմ 14 տարի կորցրել անիմաստ բաներ սովորելու վրա, եթե կարելի էր միանգամից աշխատանքի անցնել և սովորել միայն այս աշխարհի «ճշմարտությունները»:

Ես հասկանում եմ, որ կա մեծ ճեղքվածք դպրոցի տված գիտելիքների ու բուհերի պահանջների և բուհերի տված գիտելիքների ու գործատուի պահանջների միջև, բայց դա ոչ մեկին իրավունք չի տալիս դիմացինի կյանքի փորձը ոտքի կոխան դարձնել` միայն սուբյեկտիվ կարծիքների և ենթադրությունների վրա հիմնվելով:

Շատ հաճախ մեծահասակները մոռանում են, որ երիտասարդների համար կարևոր խթան է այն ոգևորությունը, որով նրանք կյանք են մտնում: Ուզում եք, որ ձեր աշխատողները ավելի լավ աշխատեն, ուրեմն մի կոտրեք նրանց ոգևորությունը: Ուզում եք, որ ուսանողները ավելի լավ սովորեն, մի զրոյացրեք նրանց գիտելիքները: Ցանկացած ուսանող կմտածի, որ եթե դպրոցինը զրո է, ապա տրամաբանորեն բուհինն էլ հաջորդի համար զրո կլինի: Ուրեմն ինչու° անիմաստ չարչարվել…

Երբեմն գոնե մտածեք պատասխանատու հայտարարություններ անելուց առաջ…

Advertisements