Հոդվածում անդրադառնալու եմ միայն մի ասպեկտի, չնայած որ հայերի և այլ ազգերի միջև կարելի է անվերջ քանակությամբ տարբերություններ գտնել:
Այս մեկը յուրահատուկ է և կարևոր: Հույս ունեմ, որ այն ժամանակի ընթացքում գրեթե չի փոխվի:
—Սոնա’, գնա’, ձեռքերդ լվա, որ հաց ուտես:
—Հիմա, մա’մ…
Այս հասարակ զրույցը մի եվրոպացի փոքրիկ աղջկա համար ավարտվեց այլ կերպ.
Դատարանի որոշմամբ ծնողին զրկեցին խնամակալի իր իրավունքից, քանի որ նա ամեն օր ստիպում էր իր երեխային ձեռքերը լվանալ հաց ուտելուց առաջ: Երեխային այժմ պահում են որբանոցում…
Ինչպես երևի հասկացաք` խոսքս հայ երիտասարդների հարգանքի մասին է դեպի մեծերը, հատկապես ծնողները: Երբևէ տեսե°լ եք, որ տասը տարեկան տղան կամ աղջիկը ոստիկանություն զանգի, որ տեղեկացնի ծնողների կողմից իր նկատմամբ «անպատշաճ» վերաբերմունքի /օրինակ` ստիպում է ձեռքերս լվանամ/ մասին: Անհեթեթություն:
Իհարկե, կան ծնողներ, ովքեր դաժանաբար ծեծում են իրենց երեխաներին, առանց հետևանքների մասին անգամ մտածելու: Խոսքը նրանց մասին չէ:
Վերջերս կարդացի, որ 4 տարեկան մի աղջիկ զանգահարել էր 911, որպեսզի տեղեկացներ, որ իր հայրը վատ է պահում իրեն և արժանի չէ Ձմեռ Պապիկից նվեր ստանալուն… 911 անմիջապես ոստիկան էր ուղարկել, որպեսզի պարզեին` միջամտելու կարիք կա, թե ոչ: Պարզվել էր, որ երեխան շատ զայրացած էր իր հոր վրա: Պատճառը գրված չէր, բայց կարելի է ենթադրել, որ աղջկան թույլ չէին տվել ուշ ժամի հեռուստացույց դիտել, պաղպաղակ ուտել կամ նման մի հիմար պատճառ:
Ուրախ եմ, որ հայաստանում նման հեռախոսազանգեր ոստիկանությունը չի ստանում, ուրախ եմ, որ մեր հայ երեխաները հասկանում են, որ իրենց ծնողները իրենց լավն են ցանկանում: Ուրախ եմ, որ չնայած արտասահմանյան ազատությանը, իսկ Հայաստանում դրա տնազին` մենք ավելի գիտակից ենք, որպեսզի հասկանանք, որ ձեռքեր լվանալ ստիպելը չի խանգարում ազատ ապրելուն, բայց օգնում է հիվանդություններից և վարակներից խուսափելուն: Հասկանում ենք, որ գուցե այնքան էլ ազատ չենք որոշ հարցերում, բայց ավելի ապահով ենք, որովհետև շրջապատի մարդիկ ուշադիր են նաև օտար մարդկանց երեխաների նկատմամբ: Հասկանում ենք… և հույս ունեմ, որ կշարունակենք հասկանալ:

Advertisements