Այս թեմայի տակ ուզում եմ անդրադառնալ հաճախ հանդիպող մի երևույթի, որի պատճառը միշտ ծնողի սխալ վերաբերմունքն է և երեխային փոքրի տեղ դնելով ոչինչ չբացատրելը: Երբ ընտանիքում ծնվում է նոր բալիկ, և եթե այդ բալիկը սպասված տղա բալիկ է, ապա շատ հաճախ ծնողների ուշադրությունը 180 աստիճանով շրջվում է դեպի նա: Շատ դեպքերում նրանք մոռանում են, որ 3-4 տարեկան ՓՈՔՐ աղջիկ ունեն…
Արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ երեխան փորձում է վնասել իր փոքր քրոջը կամ եղբորը (երբեմն դա նրան հաջողվում է), մեկուսանում է, խուսափում ծնողներից, վատանում է նաև վարքը դրսում, դառնում է ագրեսիվ և կռվարար և այլն:
Առաջին հերթին, հարգելի ծնողներ, մի մոռացեք, որ անկախ ընտանիքում տեղի ունեցող հաճելի փոփոխությունների, ձեր մի քանի տարով մեծ երեխան դեռ շարունակում է մնալ ՓՈՔՐ: Բացի այդ վերաբերմունքի նման փոփոխությունը նրա համար մի պատճառ ունի «իմ մայրիկն ու հայրիկը ինձ չեն սիրում» և ոչ թե «ծնողներս վաղուց էին ուզում տղա ունենալ»… Նա չի կարող հասկանալ ձեր սիրո օբյեկտի կտրուկ փոփոխությունը, ինչպես դուք եք ենթադրում (ձեր տեսանկյունից)…
Այս պարագայում հոգեբանները մի շատ պարզ և հասարակ տարբերակ են առաջարկում (ինքս փորձել եմ իմ ծանոթներից մեկի երեխայի հետ, ինչի հետևանքով երեխան սկսեց ոչ միայն չատել իր փոքրիկ եղբորը, ով «խլել» էր ծնողների ուշադրությունը և սերը, այլև շատ սիրել…): Քանի որ երեխայի համար այդ տարիքում խաղը շարունակում է լինել օրվա ամենահետաքրքիր զբաղմունքը, ապա նրա համար ստեղծեք նոր խաղ: Բացատրեք, որ նրա նոր քույրիկը/եղբայրը դեռ շատ փոքր է և ինքնուրույն ոչինչ չի կարող անել: Իսկ Լիլիթիկը (Անուշիկը, Մերին…) արդեն մեծ աղջիկ է, նա ինքնուրույն հագնվում է (կամ հաց է ուտում կամ ինչ-որ ուրիշ բան): Դրա համար էլ Լիլիթիկը կարող է մայրիկին օգնել հագցնել փոքրիկ Արթուրին (Արամիկին, Դավիթին…) կամ բերել կաթի շիշը, որ դրված է սեղանին, իսկ հետո միասին կգնան ինչ-որ տեղ… Իսկ երբ փոքրիկը մեծանա, արդեն Լիլիթիկից, Անուշիկից, Մերիից կսովորի, թե ինչպես պետք է ինքնուրույն հաց ուտել, գեղեցիկ նկարել և այլն…
Բայց… Չմոռանաք կատարել ձեր խոստումները, քանի որ հակառակ դեպքում կսկսեք կորցնել երեխայի վստահությունը… Հետագայում դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ, որոնց մասին հիմա նույնիսկ չեք էլ կասկածում…

Advertisements