Խաբկանքների մասին առաջին և երկրորդ հոդվածներում արդեն անդրադարձել եմ մեր առօրյայում պատահող այնպիսի երևույթների մասին, որոնց նույնիսկ ուշադրություն չենք դարձրել, սակայն որոնք հաճախ մեծ ազդեցություն են ունենում մեր որոշումների վրա: Շարունակեմ ներկայացվող խաբկանքները…

Հակառակում
Այն դեպքն է, երբ մարդը փորձում է անել դիմացինի ասածի/խորհրդի հակառակը: Պայմանավորված է ընտրության ազատությամբ: Այսինքն` անձը փորձում է ապացուցել, որ ինքը ընտրության իրավունք ունի: Սա, մասնավորապես վերաբերում է այն դեպքերին, երբ հակառակվում են իշխանություն ունեցող անձին (օրինակ` աշխատողը տնօրենին): Այսինքն` երևույթը ի հայտ է գալիս, երբ անձը որևէ հիմք չունի հակառակվելու (թե տրամաբանորեն, թե ի պաշտոնե), սակայն ամեն դեպքում փորձում է ապացուցել, որ նույնիսկ իր ղեկավարը չի կարող ստիպել իրեն կատարել այս կամ այն գործը: Կարելի է, օրինակ, երեխաներին ասել մի բան, որի հակառակը ուզում եք, որ անեն` այդպիսով ստանալով ձեր ուզած արդյունքը:

Հիպերբոլային զեղչում
Նշանակում է, որ մարդիկ ցանկանում են որևէ բան ստանալ հիմա, քան ավելի շատ հետո: Օրինակ` երբ մարդը ցանկանում է ունենալ 50$ հիմա, քան 100$ մի տարի հետո: Սակայն ռացիոնալության տեսանկյունից տրամաբանական կլիներ, եթե նա ցանկանար 100$-ի ներկա արժեքը, որը 9%-ի դեպքում հավասար կլինի 100/1.09=91.74$: Շատերը կարող են նույնիսկ համաձայնել 50$-ից ավելի քիչ ստանալ հիմա, ինչը տրամաբանական չէ:

Աճող համոզմունք
Մարդկանց կողմից նախկին անհաջող համոզմունքների և արարքների պաշտպանությունն է: Բնական է, որ մարդու ոչ բոլոր որոշումները կարող են ճիշտ լինել: Արդյունքում նա հետագայում խուսափում է նույն սխալներից: Իսկ աճող համոզմունքի դեպքում մեկ անգամ սխալ ընդունած որոշումը անձը փորձում է պաշտպանել: Սա հաճախ հանդիպում է այն դեպքում, երբ երկար տարիներ խնայում են հետագայում որևէ բիզնես սկսելու կամ խոշոր գնում անելու համար: Եվ երբ պահը գալիս է, անկախ բիզնեսի կիսասնանկ վիճակից կամ գնում կատարելու անհրաժեշտությունից, մարդը շարունակում է հավատալ, որ իր խնայողությունը օգտագործելու միակ ձևը հենց այն տարբերակն է, որ նա արդեն որոշել էր:

Placebo էֆեկտ
Կամ ներշնչման էֆեկտ: Օրինակ` երբ հիվանդին ասում են, որ դեղամիջոցը շատ արդյունավետ է, ինչի հետևանքով հիվանդը ապաքինվում է (սակայն, իրականում դեղը այդ հիվանդությունը չի էլ բուժում): Այս երևույթը բացատրում են սպասումների էֆեկտով: Երբ ապագան անորոշ է, սպասման տեղի ունենալու հավանականությունը մեծանում է: Բայց սա միևնույն է, չի բացատրում, թե ինչպես կարող է անարդյունավետ բուժումը կամ դեղամիջոցը իսկապես բուժել հիվանդին: Այս էֆեկտի հակադարձ էֆեկտը անվանում են Nocebo:

Advertisements