Վերջերս թերթերի կրպակի կողքով անցնելիս որոշեցի նայել հայկական ամսագրերի շապիկներին: Ուզում էի իմանալ, թե ինչ են կարդում հայերը: Ոչ միշտ է, որ մարդիկ կարդում են այն, ինչ իրենց իսկապես հետաքրքրում է, սակայն մարդկանց հետաքրքրությունները հիմնականում ձևավորվում են հենց ամսագրերի միջոցով: Դա մարկետինգի մաս է կազմում: Օրինակ` եթե թերթերը չգրեին այն մասին, թե ինչ ատամի մածուկ է օգտագործում Անջելինա Ջոլին (որ իրականում անպետք ինֆորմացիա է) , ապա մարդիկ չէին ցանկանա գնել հենց նույն ատամի մածուկից: Այսպիսով` գրելով հայտնի մարդկանց կյանքի անպետք մանրամասների մասին, թերթերն ու ամսագրերը լավ հիմք են ստեղծում ապրանքներ և ծառայություններ արտադրողների համար:
Պատկերացրեք, թե ինչքան ավելորդ ինֆորմացիա եք ստանում ամեն օր ոչ միայն ամսագրերից, այլև ինտերնետից: Ավելի պատկերավոր լինելու համար որոշեցի բերել մի քանի օրինակ.
Հյու Ջեքմանը տուժել է Օփրա Ուինֆրիի շուի նկարահանման ժամանակ
Սքարլեթ Յոհանսոնը և Լիզ Հարլին բաժանվում են ամուսիններից
Մահացել է ռեժիսոր Բլեյք Էդվարդսը
Ուեսլի Սնայփսը բանտ է նստել
Նախ շատերը չգիտեն էլ նշված անձանց 50%-ին, բացի այդ ինչ-որ մեկի ամուսնանալը, բաժանվելը, ոտքը կամ ձեռքը վնասելը, բանտ նստելը, դիետան ու նման անիմաստ տեղեկատվությունը չպիտի հետաքրքրի ոչ պարապ հասարակությանը: Այստեղից հետևություն կարելի է անել, որ եթե այդքան մեծ քանակությամբ պարբերականներ են վաճառվում, ապա ինչքան շատ են պարապ մարդիկ Հայաստանում…
Իսկ պարապ մարդկանց պահում են աշխատողները…
Իսկ աշխատողների համար ՀՀ անգամ միջին աշխատավարձը կարող է չբավարարել, քանի որ «նրանց վզին նստած է» ՀՀ բնակչության կեսից ավելին…
Հետևություն: Մի վատնեք ձեր ժամանակը ավելորդ ու անիմաստ բաների վրա: Դրա փոխարեն նոր և պետքական հմտություններ ձեռք բերեք, ստացեք կարևոր գիտելիքներ կամ աշխատեք…