Երևի շատերս հեռուստացույցով տեսել ենք, որ ինչ-որ երկրում միասեռականները ամուսնանում են միմյանց հետ… Իսկ երբևէ մտածե°լ եք, թե ում հետ են ամուսնանում միասեռականները (մասնավորապես գեյերը) Հայաստանում:
Վերջերս որոշ նյութեր կարդալուց հետո, ինչպես նաև տարբեր մարդկանց կյանքի փորձից կարևոր դրվագներ ուսումնասիրելով` մի հետաքրքիր փաստ եմ ներկայացնում: Ոչ միայն Հայաստանում, այլև այն երկրներում, որտեղ միասեռականների նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, բացասական է, և պաշտոնապես ամուսնություններ չեն թույլատրվում, որպես կանոն նրանք ամուսնանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ…
Արդյունքում հնարավոր է երկու սցենար:
Առաջին դեպքում կինն ու իր նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունեցող ամուսինը պայմանավորվում են ապրել մի հարկի տակ (որպես լավ ընկերներ), սակայն նրանցից յուրաքանչյուրը իր անձնական կյանքն է դասավորում «դրսում»: Այս դեպքը հատկապես շատ է պատահում, երբ թե’ կինը, թե’ ամուսինը նույնասեռական են, սակայն չեն ցանկանում այդ մասին ասել իրենց հարազատներին:
Երկրորդ դեպքում զույգը բաժանվում է: Այս դեպքում Հայաստանում կնոջ համար կարող են լուրջ խոչընդոտներ առաջանալ անձնական կյանքը նորմալ դասավորելիս: Դա է պատճառը, որ ոչ միշտ է պետք «թարս նայել» բաժանված կանանց, որովհետև հատկապես Հայաստանի նման երկրում նմանատիպ դեպքերը կարող են թաքնված բնույթ կրել: Օրինակ` երբ ամուսնական զույգը սեռական հարաբերություններ չի ունենում նույնիսկ ամուսնության ամենասկզբում: Բնական է, որ եթե կինը նույնասեռական չէ և լիարժեք ամուսնական կյանք է ակնկալում, ապա ամուսնու նման վարքը (եթե պատճառը շարունակում է գաղտնի մնալ) անհասկանալի է…
Պատահում է նաև այնպես, որ նույնասեռականությունը բացահայտվում է ավելի ուշ, ենթադրենք ամուսնությունից մեկ կամ երկու տարի հետո: Դա ավելի ծանր հետևանքներ էլ կարող է ունենալ (նախ ընտանիքում հնարավոր է երեխայի ծնունդ)…
Մի խոսքով` ուզում եմ ասել, որ միշտ չէ, որ ամուսնալուծությունների պատճառը կինն է, միշտ չէ, որ կնոջ դավաճանությունը անբարոյականության հետևանք է… Միշտ չէ, որ պետք է դատել մարդկանց մասին միայն ինչ-որ մակերեսային ինֆորմացիա ունենալով… Միշտ չէ, որ բամբասանքները արդարացված են…
Երբեք մի վնասեք (առավել ևս կործանեք) դիմացինի կյանքը միայն ձեր ենթադրություններից ելնելով: Մարդիկ շատ բաների մասին հաճախ նախընտրում են լռել…

Advertisements