Վերջերս Վահագն Քեշիշյանի բլոգը կարդալիս մտքովս անցավ ազատության գաղափարի դեֆորմացիան կամ մուտացիան: Համոզված եմ, որ մեծ մասս երբևէ մտածել ենք, թե ազատություն ինչ է նշանակում: Եվ համոզված եմ, որ երբևէ մտածել ենք հայ ազգի եվրոպառուսամետ լինելու մասին: Եվ հաստատ մտածել ենք այս երկու գաղափարների բախումից ինչ կստացվի:

Շատերը համոզված են, որ եթե մենք ինտեգրվենք Եվրոպային, ապա Հայաստանում բոլոր աղջիկները միանգամից կդադարեն կույս լինելուց, հեռուստատեսությամբ ամբողջ օրը պոռնոգրաֆիա կցուցադրեն, բոլոր հայերը անխտիր «կվարակվեն» (ինչը հնարավոր չէ) միասեռականությամբ և նման անհեթեթություններ: Ոչ ոք չի ցանկանում պատկերացնել, որ Եվրոպայում մարդիկ առաջին հերթին չեն թքում փողոցներում, անծանոթներին հարգալից բարևում են և չեն հայհոյում, գիշերը 12-ից հետո չեն գոռում ամբողջ շենքով մեկ, վճարում են հարկերը և այլն… Իսկ գիտե°ք ինչու: Որովհետև հայերի բավականին մեծ զանգված կառչած է անցյալից, չի ցանկանում փոփոխություններ, քանի որ համոզված է, որ կամայական փոփոխություն միայն բացասական հետևանքներ է ունենում…
Հայերը չեն ցանկանում առաջ գնալ և ընդունել ազատության նորմալ գաղափարը: Բայց նորմալ են ընկալում խոպանում ևս մի ընտանիք կամ սիրուհի ունենալու երևույթը: Շատերը չեն ցանկանում, որ իրենց կանայք բացի ճաշ եփելուց ու երեխա պահելուց այլ բանով զբաղվեն: Իսկ հետո սիրուհի են պահում, քանի որ կինը իրեն չի հետևում (պիտի տոնական հագնվի, շպարվի ու տոլմա եփի°):

Իհարկե, կա նաև մեկ այլ ծայրահեղություն, երբ ազատությունը հավասարվում է անտաշության: Օրինակ` երբ մարդիկ հավատում են, որ իրենց հոտավետ ոտքերը ինչ-որ մեկի ներկայությամբ սեղանին դնելը ազատության վառ արտահայտում է, բայց ոչ անդաստիարակության հետևանք: Այդ պարագայում է առաջանում մշակութային բախում: Հատկապես արևելքի և արևմուտքի միջև:

Բայց Հայաստանի դեպքում ազատությունը միանշանակ դա չի լինելու, ազատությունը պիտի լինի առաջին հերթին քաղաքակրթության արտահայտում, արտաքին տեսքի և մտածելակերպի ճիշտ համադրություն` անկախ շրջապատի կարծիքից: Ազատություն կլինի, երբ սև հագնվողը իր գաղափարներով լինի «քյառթ», բայց ոչ թաքնված գերժամանակակից դեմք: Իսկ իրենց լիբերալ համարողները թաքուն չեն բամբասի այն կանանցից, ովքեր մեքենա են քշում կամ ծխում են:

Առակս ի°նչ կցուցանե: Համապատասխանեք Ձեր գաղափարներով և մտածելակերպով Ձեր կերտած կերպարին… Մարդիկ կեղծավորություն և երկերեսանիություն չեն սիրում…

Advertisements