Եվս մեկ անգամ որոշեցի անդրադառնալ երեխա-ծնող փոխհարաբերություններին: Այս անգամ ուզում եմ գրել սուպերմարկետների ազդեցության հետևանքով առաջացող մի կարևոր խնդրի: Այսօր սուպերմարկետների լավ դասավորությունը նշանակում է, որ երեխաների համար գրավիչ ապրանքները տեղադրված են ներքևի դարակներում: Արդյունքում հաճախ երեխաները ինչ-որ բան են ցանկանում, երբ ծնողների մոտ գումար չկա:

Պատահել է, որ տեսել եմ, թե խանութում ինչպես է ծնողը ծեծում երեխային միայն այն պատճառով, որ չի կարող տվյալ պահին գնել ինչ-որ քաղցրավենիք: Երեխան չի մտածում, որ մայրիկի կամ հայրիկի մոտ փող չկա, նա մտածում է, որ իր համար չեն ուզում քաղցրեղեն գնել:

Այս իրավիճակներից խուսափելու մի լավ մեթոդ կա: Նախօրոք բացատրեք ձեր երեխային, որ խանութներում ամեն ինչ վաճառվում է փողի դիմաց: Եվ կարող են լինել այնպիսի դեպքեր, երբ ձեզ մոտ շատ քիչ գումար կա, իսկ դուք պետք է շատ կարևոր բան գնեք, որ միասին հաց ուտեք կամ հյուր գնաք և այլն: Բացատրեք, որ եթե ձեր բալիկը ինչ-որ բան է ցանկանում, թող թաքուն հարցնի` ձեզ մոտ փող կա, թե ոչ: Եթե լինի, դուք անպայման կգնեք, քանի որ շատ եք սիրում նրան:

Այսինքն` ձեր երեխան պետք է հասկանա, որ մերժումը պայմանավորված է ոչ թե սիրո պակասով, այլ գումարի: Իսկ դուք կխուսափեք ավելորդ սկանդալներից և տհաճ միջադեպերից հասարակական վայրերում:

Advertisements