Հայաստանում այնքան հաճախ հնչող այս արտահայտությունները տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունեն: Ոմանց համար լավ աղջիկը այն աղջիկն է, ով անգամ քառասուն տարեկանում ընկեր չի ունեցել: Բայց արդյոք միշտ կարող ենք վստահ իմանալ աղջկա ընկերների ցուցակը… Ավելի հաճախ լինում են այսպիսի դեպքեր. աղջիկը, ով մերժում է որևէ տղայի ընկերություն անելու առաջարկը, միանգամից ընկնում է սև ցուցակ: Տղան բոլորի մոտ սկսում է վատախոսել, ասեկոսեներ տարածել աղջկա մասին… Եվ ինչու°… որովհետև մերժում է ստացել… Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասավ խակ է:
Արդյունքում աղջկա մասին լուրերը բացասական ազդեցություն են ունենում նրա հեղինակության վրա…
Ընդ որում` ամենահետաքրքիր այն է, որ այդ նույն տղան, որ բամբասել էր և սուտ տեղեկություններ տարածել, ձգտում է աղջկա ուշադրությանն արժանանալուն և նույնիսկ մտքում ամուսնանալու պլաններ է մշակում: Աբսուրդ իրավիճակ:
Դա է պատճառը, որ երբևէ իմ կարծիքը չեմ կառուցում մեկ այլ մարդու կարծիքի հիման վրա: Ընդհանրապես լավ կլիներ, որ յուրաքանչյուր մարդու մասին պատկերացում կազմելու համար անձամբ շփվեք նրա հետ կամ ձեզ հուզող հարցերը տաք ոչ թե մեր լավ ախպոր լավ ախպոր լավ ախպոր լավ ախպորը, այլ հենց այդ աղջկան: Իսկ եթե չեք վստահում նրա պատասխանին, ուրեմն մի հետաքրքրվեք, որովհետև հարաբերությունները փոխադարձ վստահության և հարգանքի վրա են կառուցում, ոչ թե հարևանների և մոտավոր ծանոթների մոտավոր պատկերացումների:
Եվ եթե ինչ-որ մեկը լսել է, թե ինչպես մի հատ տղա մի քանի ամիս առաջ պատմել է, թե ինչպես մի հատ սև շալվարով տղա է բարևել աղջկան, դա դեռ ոչինչ չի նշանակում: Հետո հիշեք, որ Հայաստանում բոլոր լուրերը մի մարդուց մյուսին անցնելիս չափազանցվում են, լրացվում և վերջնական տարբերակում արդեն շատ քիչ առնչություն են ունենում ճշմարտության հետ:
Օտար մարդկանցից տեղեկություններ ստանալը կարելի արդարացնել միայն ծայրահեղ դեպքերում, երբ, օրինակ, կասկածում եք, որ տղան կամ աղջիկը իրականում ամուսնացած է, հանցագործ է կամ խաղամոլ և այլն: Բայց դա էլ պետք է անել մի քանի հնարավոր աղբյուրներից օգտվելով և չհիմնվելով միայն մի հոգու պատմածների վրա: Քանի որ միշտ կա հավանականություն, որ հենց այդ մեկը թշնամաբար է տրամադրված ձեզ համար կարևոր մարդու նկատմամբ:
Կայացրեք խելամիտ և կշռադատված որոշումներ

Advertisements