Հաստատունության շեղում

Այս երևույթը այն դեպքն է, երբ մարդիկ փնտրում և ընկալում են այն ինֆորմացիան, որ հաստատում է իրենց համոզմունքները: Շատ հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում կամ խուսափում են այն տեղեկություններից, որ կարող են հակասել իրենց պատկերացմանը: Օրինակ` երբ հայ տղաներից ոմանք համոզված են, որ ծխող կանայք իրենց բարոյական մակարդակով ավելի ցածր են, քան չծխողները: Այս դեպքում նրանք փորձում են ծանոթանալ կամ հիշել միայն այն ծխող կանանց, ովքեր համապատասխանում են այդ կարծրատիպին: Սա շատ դեպքերում բերում է իրավիճակի միակողմանի վերլուծությանը և սխալ որոշումների կայացմանը: Ընդհանրապես աշխատեք խուսափել կարծրատիպերից:

 

Վերահսկման իլուզիա (պատրանք)

Սա այն դեպքն է, երբ մարդիկ հավատում են, որ վերահսկում են այնպիսի իրավիճակներ, որոնք իրականում կախված չեն նրանցից: Օրինակ` երբ խաղատներում (կազինոյում) մարդիկ հավատում են, որ զառը ուժեղ գցելիս ավելի մեծ թիվ կլինի, իսկ թույլ գցելիս` ավելի փոքր:

 

Պլանավորման մոլորություն

Սա այն դեպքն է, երբ մարդիկ թերագնահատում են որևէ գործ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը: Որպես կանոն սա օպտիմիստական շեղման արդյունք է, երբ մարդիկ ակնկալում են ավելի լավ արդյունքներ, քան իրականում կարող է լինել: Պլանավորման մոլորությունը ավելի հաճախ պատահում է այնպիսի առաջադրանքներ կատարելիս, որոնց հետ մարդը նախկինում առնչություն չի ունեցել: Սա պայմանավորված է այն կարևոր փաստով, որ մեր հնարավորությունները մենք չափում ենք ունեցած փորձի հիման վրա: Իսկ եթե փորձը բացակայում է, ապա մարդը ավելի հակված է գերագնահատել իր կարողությունները:  Այս դեպքերում միշտ պետք է հաշվի առնել Հովստադթերի օրենքը.

Ցանկացած առաջադրանք կատարելիս միշտ ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան դուք նախատեսել էիք, եթե նույնիսկ հաշվի էիք առել Հովստադթերի օրենքը:

Կա մեկ այլ հետաքրքիր երևույթ. իրատեսական պեսիմիզմ: Երբ ընկճված կամ պեսիմիստ մարդիկ առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ ժամանակը ճիշտ են գնահատում (և ոչ ավելի շատ)…

Խաբկանքների մասին կարող եք կարդալ նաև առաջին, երկրորդ և երրորդ հոդվածները:

Advertisements