Քանի որ վերջերս բավականին շատացել էին կլիմաքսի մասին փնտրումները, որոշեցի գրել նաև այդ մասին: Ընդհանրապես մինչ այսօր անդրադարձել էի սեռական օրգանների հիգիենային, ինչպես նաև տարբեր սեռերի միջև առաջացող խնդիրներին, բայց զուտ առողջական այս խնդրին չէի անդրադարձել:
Կլիմաքսը դաշտանի դադարումն է (այսինքն` նաև երեխա ունենալու հնարավորության դադարումը): Եվ… երբ գալիս է կլիմաքսը, գալիս են կնճիռները, տրամադրության փոփոխությունները և այլ տհաճ ու անցանկալի հետևանքները…
Վերարտադրության համակարգը կնոջ օրգանիզմում սկսում է գործել 7-8 տարեկանից մինչև 60-65 տարեկանը: Իսկ հակառակ գործող պրոցեսը կլիմաքսն է: Սկզբում կլիմաքսը «կասեցնում է» երեխա ունենալու` կնոջ ունակությունը, իսկ հետո նաև դաշտանը: Ընդ որում` դա միանգամից տեղի չի ունենում: Սովորաբար այս պրոցեսը կարող է ձգվել մինչև 10 տարի (երբեմն նույնիսկ ավելի երկար):
Ավելի հաճախ կլիմաքսը սկսվում է 50-51 տարեկան հասակում, իսկ նախորդող շրջանը սկսվում է 45 տարեկանից: Ավելի բարդ կենսաբանական բացատրություններ չեմ ուզում գրել (հորմոնների արտադրության փոփոխություն, էստրոգենի և այլնի մասին):
Ցավոք սրտի կլիմաքսի սկիզբը կանխագուշակել հնարավոր չէ: Բայց կարելի է ենթադրություններ անել` հիմնվելով մոր, քույրերի մոտ նույն շրջանի վերաբերյալ ունեցած տվյալների վրա: Ավելի հաճախ մեծ տարիքում կլիմաքսի նախանշան կարող է լինել ցիկլի խախտումը (իհարկե դա այլ պատճառներ էլ կարող է ունենալ, այնպես որ խուճապի մատնվել պետք չէ): Լինում են նաև հոգեբանական բնույթի խնդիրներ, տրամադրության անկումներ, դեպրեսիա, սթրես, արագ նյարդայնանալու հակում, մոռացկոտություն, քնկոտություն: Այնուհետև եղունգների փխրունություն, մազաթափություն, կնճիռներ, ինչպես նաև սեռական բնույթի խնդիրներ:
Սակայն հաճախ է պատահում, որ կլիմաքսը ոչինչ չի փոխում կնոջ կենսակերպի մեջ: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկական պատրաստվածությունը, հղիության նորմալ ընթացքը, աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպումը ազդում են կլիմաքսի հետևանքների վրա (ինչքան ավելի լավ են կազմակերպված հիմա, այնքան քիչ են խնդիրները հետո):
Եվ, ինչպես միշտ, շատ կարևոր խորհուրդ բոլոր կանանց: Դիմեք մասնագետի:

Advertisements