Մեզնից յուրաքանչյուրը գոնե մի անգամ լսած կլինի այս արտահայտություն: Երբ խորհուրդ ես հարցնում, ավելի հաճախ մարդիկ իրենց միտքը սկսում են եթե ես լինեի քո տեղը արտահայտությամբ ու… ասում մի բան, որ ոչ մի դեպքում չէին անի, եթե մեր տեղը լինեին…

Իրականում շատ դժվար է դիմացինի իրավիճակը հասկանալը կամ ինչպես հայերս ենք ասում դրության մեջ մտնելը, առավել ևս եթե այդ մարդը օտար է: Միշտ չէ, որ նույն իրավիճակում հայտնվելիս կվարվեինք այնպես, ինչպես խորհուրդ ենք տալիս վարվել ուրիշներին:

Օրինակ` երբ զույգը նոր է ամուսնանում, բոլոր հարազատները անպայման ուզում են ընտանիքի կայացման գործում իրենց լուման ունենալ խորհրդի տեսքով (ավելի լավ կլինի, որ փողով օգնեն)… Արդյունքում նույն պրոբլեմի լուծման մի քանի հատ լավագույն տարբերակ է առաջարկվում, որոնցից ոչ մեկն էլ պիտանի չէ…

Իհարկե, միշտ կան մարդիկ, ում խորհուրդները ավելի հոգեհարազատ են Ձեզ: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ դրանք նաև այն արդյունքն են ունեցել, որ ցանկացել եք: Բայց այդ մարդկանց թիվը պետք է խիստ սահմանափակ լինի: Ընդ որում` ինչքան էլ որ զարմանալի լինի, ոչ միշտ է, որ ծնողները այդ թվին են պատկանում: Սրա պատճառը ավելի հաճախ տարիքային (սերնդի փոփոխության) հետ է կապված: Պատահում է, որ այն լուծումը, որ գործում էր քսան տարի առաջ, այսօր կարող է ամեն ինչ փչացնել:

Այս ամենով հանդերձ կարևոր է, որ խորհուրդները լսելուց հետո մարդը ինքը կարողանա որոշում ընդունել կամ ընտրել իր համար իսկապես լավագույն տարբերակը: Շատերը, լսելով տարբեր մարդկանց կարծիքները, փորձում են բոլորը միանգամից իրագործել կամ էլ ընտրել լրիվ նոր լուծում, բայց ոչ միշտ է, որ այդ քայլերն արդարանում են:

Ընդհանրապես ավելի ճիշտ է լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր նմանատիպ իրավիճակում հայտնվել են (ցանկալի է նաև, որ ճիշտ լուծում էլ գտած լինեն): Բայց ամեն դեպքում պետք է հիշել, որ Ձեր որոշումների համար պատասխանատու եք Դուք և ոչ թե խորհուրդ տվողը (խորհուրդ տալն ու պարտադրելը տարբեր են):

 

Advertisements