Վերցրեք լուսնի 7-րդ օրը մահացած, դեռ չկնքված նորածին երեխայի գերեզմանի աջ մասում աճող հազարաթերթիկի արմատները: Այնուհետև, դրանք պահելով ձեր ձեռքում, երեք անգամ պտտվեք գերեզմանի շուրջ: Դրանից հետո նախօրոք ծեր մարդու (ում սպանել են իր հարազատները) արյան մեջ թաթախած բահով բացեք գերեզմանը և վերցրեք երեխայի մազերից մի փունջ (40 հատ): Մազերը պահեք կարմիր թաշկինակի մեջ ձեր տան կտուրին երեք օր: Հինգ օր հետո (պետք է այնպես անեք, որ այդ օրը լիալուսնի օր լինի) մինչև կեսգիշեր վերցրեք մազափունջը: Արյան մեջ թաթախած այն նույն բահով փորեք այն կնոջ դռան դիմաց, որից ուզում եք հետ վերադարձնել ձեր ամուսնուն, և մազափունջը թաղեք այդտեղ: Մինչև հաջորդ լիալուսին ձեր ուզածով կլինի…

Կարճ ասած` վերջերս ձեռքս էր ընկել մի շատ հին գիրք, որտեղ ներկայացված էին թուղթուգրի “հին և փորձված” մեթոդներ: Անկեղծ ասած` մի քիչ կարդալուց հետո զգացի, որ գիրքը հումորային բացառիկ նմուշ է:

Նախ, “բաղադրատոմսերը” այնպիսին էին, որ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել, որ լուրջ մարդիկ կհավատան նման բաների: Եվ երկրորդ, դրանք բացարձակապես կապ չունեին “բուժում” պահանջող խնդրի հետ` ինչպես գրածս օրինակում է:

Հաստատ ավելի լավ մեթոդ կլինի, եթե այն կինը, ումից հեռացել է ամուսինը, իրեն հետևի, գեղեցիկ հագնվի, լինի միշտ հարդարված և, իհարկե, ինքնավստահ: Թե չէ գերեզման, եսիմինչ… Եթե կինը գիշերվա հազարին ինչ-որ գերեզման է փորում, իմ կարծիքով բացարձակապես զարմանալի չէ, որ նրա ամուսինը հեռացել է ուրիշ կնոջ մոտ: Ամենայն հավանականությամբ, այդ կինը ոչ թե թուղթուգրի, այլ հոգեբանի կարիք ունի, առանձնահատուկ դեպքերում` հոգեբույժի…

Իհարկե, հաստատ շատերս էլ լսած կլինենք, թե ինչ հրաշքներ են գործել թուղթուգիր անողները, բայց մի մոռացեք չխաբվել ներշնչանքին և թվացյալ համընկնումներին (երբ մարդիկ փորձում են իրականությունը արհեստական ձևով համապատասխանեցնել իրենց ցանկացած արդյունքին): Օրինակ` երբ ինչ-որ մեկի մահը կապում են մեկ այլ մարդու մահվան հետ, որի մահվան պատճառ եղել է հարսի անխտիր թուղթուգիրը…

Մնացեք ռեալիստ…

Advertisements