Անկեղծ ասած` չէի ուզում գրել, բայց հունիսի մեկին փողոցներում, հատկապես այգիներում տիրող խառնաշփոթից հետո չդիմացա…
Չեմ սիրում, երբ ամեն տարի ծնողներից ոմանք հիշում են, որ կարելի է իրենց երեխաներին տարվա մեջ գոնե մեկ անգամ տանել զբոսանքի… երեխաների պաշտպանության օրը…

Չեմ սիրում, որ ծնողներին հիշեցնում են, որ իրենց երեխաները զբոսնելու կարիք ունեն… Պետք չէ, որ հունիսի 1 լինի, որ դուք պարտավորված զգալով, ձեր հարևանուհու կամ մեկ այլ ծանոթի հետ միասին, հոգնած ու թթված դեմքերով տանեք միանգամից բոլոր երեխաներին և ամբողջ ընթացքում հերթերից ու շոգից զզվելով երազեք տուն գնալու մասին: Կարծում եմ, որ երեխաներին հատկապես այդ օրը պետք է պաշտպանել անդուր և անվերջանալի հերթերից, տոթից, արևահարվելուց, գլխացավ առաջացնող աղմուկից, տատիկի կամ մայրիկի հոգնած ու մեղադրող (քո խաթր ենք էկել, մի բողոքի) հայացքից, ծանրաբեռնվածությունից ավելի վտանգավոր դարձող մաշված կարուսելներից…
Գիտեմ, որ շատերը կասեն, որ կան մարդիկ, ովքեր անապահով ընտանիքներում են ապրում, ովքեր հացի փող չունեն և սա նրանց համար հնարավորություն է… Կպատասխանեմ հետևյալ կերպ.
Ավելի լավ կլինի տարվա ընթացքում գոնե մի 1000 դրամ հավաքել, բայց նորմալ վայելել օրը ոչ հունիսի 1-ին, քան անվճարի հետևից վազելով վտանգի ենթարկել ու տանջել երեխաներին… Թող նրանց երջանիկ մանկությունը լինի ծնողների խելացի խնայողության, ոչ թե ագահության հետևանք…

Advertisements