Մի քանի օր տատիկի տանը մնալուց հետո որոշեցի դիմել հոգեբանի` դեպրեսիայից դուրս գալու համար….

Իսկ եթե ավելի լուրջ, ապա դեռ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ից մի շարք ուսանողներ մեզ հարց տվեցին.

Հայկական սերիալները ինչքանո°վ են համապատասխանում իրականությանը…

Այն ժամանակ դժվարացա պատասխանել, և ընդհանրապես սերիալների թեման այնքան քննարկված ու սպառված էր թվում…

Իսկ ահա մի շաբաթ է, որ հասկանում եմ, որ իրականում սերիալների թեման չի սպառվել, ավելին, այն մեծ թափով զարգանում է: Ինչպես ասացի, մի քանի օր տատիկի տանն էի մնում: Եվ քանի որ ոչ աշխատանքային տարիքում առանձնապես շատ զբաղմունքներ չկան, ապա երեկոները տատիկս սերիալներ էր նայում: Ես էլ քաղաքավարի թոռնիկ, չէի խնդրում, որ անջատի կամ գոնե ալիքը փոխի, խելոք նստում իմ համար խաչբառ էի լուծում😀

Բայց արդեն առաջին օրվանից հետո շատ ծանր տրամադրությամբ գնացի քնելու: Ամբողջ գիշեր տեսնում էի աղքատ ընտանիքի սոված երեխաներ, հղփացած և շփացած (😀 ) հարուստի լակոտներ, սիրուհիներ, մաֆիոզներ, գողականներ, շանտաժի ենթարկողներ, քցողներ, մարդասպաններ, կասկածելի անցյալ ունեցող ազգականներ, դժբախտ մայրեր, ողբացող եսիմով, անդուր հարևաններ և այդպես շարունակ…

Երկրորդ օրը որոշեցի ուշադրություն դարձնել դրական կերպարների կամ իրադարձությունների վրա, որ գոնե գիշերը հանգիստ քնեմ: Պարզվեց, որ այդպիսիք չկան: Եթե նույնիսկ կան դրական կերպարներ, ապա նրանք շարունակաբար դժբախտ են սկսած 1-ին սերիայից մինչև վերջին 572-րդը: Իսկ ահա բոլոր բացասական հերոսների կյանքում իբր դրական իրադարձությունները լարված են, տհաճ, լի տակավին օրիգինալ ժարգոնով…

Զգացի, որ ահավոր կարոտում եմ բրազիլական վեհ սերիալների դատարկ, թեթև և հումորային սյուժեն…