Միշտ ասելով սահմանափակ հնարավորություններով մարդ` մենք պատկերացնում ենք սայլակի վրա կամ ձեռնափայտով անձնավորություն… Եվ անհասկանալի պատճառով շատերի մոտ ավելանում է նաև սահմանափակ մտավոր ունակությունների անպայման առկայությունը…

Իսկ երբեք չե°ք մտածել, որ յուրաքանչյուր մարդ էլ սահմանափակ ունակություններ ունի` լինի մտավոր, թե ֆիզիկական: Միգուցե Դուք կարողանում եք երկու ոտքով քայլել, բայց չեք կարող այնքան լավ մարկետոլոգ լինել, որքան Ձեր հաշմանդամ հարևանը, կամ նկարիչ կամ հաշվապահ կամ և այլն, և այլն: 

Ցավալի է, որ շատերը խուսափում են հաշմանդամների հետ շփվելուց իրենց սահմանափակ մտածելակերպի պատճառով: Խուսափում են աշխատանքի վերցնելուց, որովհետև ընդունակ չեն ընկալելու, որ մտավոր զարգացած մարդը անկախ իր արտաքին տեսքից` թանկարժեք աշխատող է: Եվ այս խուսափումների շարքը շարունակվում է անվերջ: Լայն մտածեք, փորձեք տեսնել դիմացինի հմտությունները անկախ նրա արտաքինից… 

Օրինակ` երբ լսում եք Բեթհովենի ստեղծագործությունները, հիշու°մ եք, որ նա լսողական արատ է ունեցել: Կամ երբ վերջերս Թայգեր Վուդսը ճանաչվեց աշխարհի լավագույն գոլֆ խաղացողներից մեկը, որևէ մեկը չհիշեց, որ նա դժվարությամբ է կարողանում հստակ խոսել` ի ծնե արատի պատճառով: Իսկ որ Սթիվի Ուանդերը կու°յր է… Իսկ որ Ֆրանկլին Ռուզվելտը սայլակ և ձեռնափայտեր էր օգտագործում… Մարդու հոգևոր աշխարհը և մեծ գործեր անելու կարողությունը փոխկապակցված չեն նրա ֆիզիկական հնարավորությունների հետ: 

Արդյունքում մի հարց է առաջանում`ո°րն է հասարակության համար ավելի անընդունելի` մարդկային տգիտությունը, թե° ֆիզիկական ոչ լիարժեքությունը… 

Advertisements