Հաճախ տատիկս կամ նրա հասակակիցները ինձ խրախուսում են հետևյալ արտահայտությամբ. “Սովորի´ր, որ հետո ամբողջ կյանքդ աշխատելու ես…” Հետևություն. սովետական միության տարիներին գոյություն ունեցող դպրոց-բուհ-աշխատանք մեխանիզմը գործում էր առանց բացառությունների:

Այսօր, բարեբախտաբար, նույնիսկ 40 անց մարդիկ կարող են բուհ ընդունվել: Խնդիրը միայն ցանկությունն է: Բուհերը առաջարկում են երեկոյան ուսուցման հատուկ ծրագրեր, որպեսզի անգամ աշխատող մարդիկ սովորելու հնարավորություն ունենան: Ավելին, այսօր բացի բուհերից կան առանձին ուսումնական կենտրոններ, մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ: Դրան գումարած նաև էլեկտրոնային (հեռահար) ուսուցումը, երբ Դուք կարող եք տանը նստած ստանալ, օրինակ, մագիստրոսի կոչում բազմաթիվ բնագավառներում:

Մնում է մի հարց. արդյո°ք օգտվում ենք ընձեռնված հնարավորությունից: 

Երևի թե ամենաառաջին կարևոր կանոնն է, որ չպետք է մոռանա ցանկացած տարիքի ուսանող. Եթե ոմանք գիտեն Ձեր հարցի պատասխանը Ձեզնից շուտ, դա դեռ չի նշանակում, որ ամոթ է այդ հարցը տալը:

Երբ սովորում են տատիկներն ու պապիկները…

Ցավոք սրտի, Հայաստանում իրենց ողջ կյանքը ակտիվ ապրած մարդիկ թոշակի անցնելուց հետո իրենց զգում են ավելորդ: Նրանք ունեն անսահմանափակ ազատ ժամանակ և շատ քիչ անելիք…

Արդյո°ք լավ չէր լինի ստեղծել հատուկ ուսումնական ցերեկային կենտրոններ թոշակառու անձանց ուսուցման համար: Խոսքը ծերանոցների մասին չէ, ոչ էլ ֆինանսական կամ սոցիալական օգնություն տրամադրող որևէ հաստատության: Այլ հենց ուսումնական կենտրոնների, որտեղ մեծահասակ մարդիկ կարող են սովորել և ստեղծել: Օրինակ` մի քանի ամիս առաջ էր, որ տատիկս ինձ հարցրեց, թե արդյո°ք կարելի է ինտերնետով վաճառել ինչ-որ ձեռագործ աշխատանքներ: 

Երբ հարցրեցի` թե ինչու է հետաքրքրվում, պատասխանեց, որ ձանձրանում է տանը անգործ նստելուց, կցանկանար ինչ-որ իրեր գործել, իսկ ես օնլայն կվաճառեի դրանք: Այսպիսի ուսումնական կենտրոններում կարելի է ոչ միայն սովորեցնել, այլև բարեգործական (և ոչ միայն) ցուցահանդես-վաճառքներ կազմակերպել, որոնք կնպաստեն նաև թոշակառուների ֆինանսական վիճակի բարելավմանը… Մի մոռացեք, որ ծերությունը յուրաքանչյուրիս ապագան է…

Advertisements