Հաճախ, երբ լսում եմ այս արտահայտությունը, իմ մոտ հարց է առաջանում. Բա ու°մ էր արժանի:

Լավ, եթե չէիք հավանում այդ մարդուն, ուրեմն զրուցեիք Ձեր զավակի հետ, խորհուրդ տայիք: Եթե չեք զրուցել, ուրեմն հիմա նման բան ասելու իրավունք չունեք, որովհետև ՍՐԱՆ-ը Ձեր զավակի ընտրությունն է: Ավելին, ամենայն հավանականությամբ նրա սիրելի անձնավորությունը, և այդպես վարկաբեկել կամ ակնհայտ ցույց տալ վատ վերաբերմունք շատ սխալ է: Չեք համակրում, մի համակրեք, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը վատն է: Միգուցե Դու°ք եք ամեն ինչից մշտապես դժգոհ… Եթե նույնիսկ զրուցել եք կամ խորհուրդ եք տվել, նման արտահայտությունը Ձեր նկատմամբ հարգանք չի ավելացնի, հատկապես Ձեր իսկ զավակի կողմից: Նախ և առաջ Դուք պետք է հարգեք նրա ընտրությունը:

Միշտ չէ, որ զավակի համար արժեքները ամբողջությամբ նույնն են լինում, ինչ ծնողների համար: Եվ եթե Ձեր զավակի ընտրությունը չի համապատասխանում Ձեր արժեքային համակարգին, սխալ է միանգամից ենթադրել, որ դա Ձեր նկատմամբ հարգանքի պակաս է կամ, ավելի վատ, Ձեզ հակառակվելու փորձ: Պետք է հասկանալ և ընդունել: Անպայման չէ, որ ամեն օր զանգահարեք և զրուցեք Ձեր զավակի կամ նրա ընտրյալի հետ, որպեսզի հարաբերությունները համարվեն նորմալ: Կարելի է ուղղակի չմիջամտել: Ձեր ճիշտը կարող է ժամանակի ընթացքում հնանալ և վատ խորհուրդ դառնալ նոր ընտանիքի համար: 

Մի քանի օր առաջ լսեցի այս արտահայտության մուտացված տարբերակը.

Մեր հարսը ուղղակի հրաշք էր, էտ տղեն կողքը ոնց որ շոֆեռ լիներ…

Ուղղակի ապշած էի, եթե հաշվի առնենք մի քանի հիմնական փաստ.

1. Աղջիկը ամենասովորական արտաքինով, միջին ընդունակությունների տեր աղջիկ է,

2. Տղան հաճելի արտաքինով անձնավորություն է, ով միանգամայն սազում է աղջկան (կամ աղջիկն է նրան սազում),

3. Ամուսնությունը տեղի էր ունեցել ընդամենը մեկ շաբաթ առաջ…

Կարելի էր ասել, որ այդքան էլ դուր չեկավ փեսան կամ նման ավելի քաղաքակիրթ նախադասություն… Բայց որ շոֆեռ…

Կարող եմ ցավակցել այդ տղային, եթե նրա ընտրյալը նույնպիսի դաստիարակություն է ստացել (կամ չի ստացել):

Իհարկե, հասկանալի է, որ ամեն ծնողի համար իր երեխան ամենալավն է: Բայց մի մոռացեք, որ ցանկությունները իրականության հետ ոչ միշտ են համընկնում: Եղեք ռեալիստ: