Բոլորս մեծ ուշադրություն ենք դարձնում սեռական կրթմանը, համալսարանական կրթություն ստանալուն և այլն: Սակայն մինչ օրս էլ շատ ընտանիքներում կոնֆլիկտների հիմնական պատճառը շարունակում են մնալ ֆինանսները: Խնդիրը ֆինանսական գրագիտության ոչ բավարար մակարդակն է: Շատերը այսօր բանկերից, վարկային կազմակերպություններից կամ գրավատներից վարկ են վերցնում` առանց հետաքրքրվելու, թե ինչ տոկոս են ԻՐԱԿԱՆՈՒՄ վճարելու: Բնական է, որ բոլորս չենք կարող ֆինանսիստ լինել, բայց անձնական ֆինանսների մասին տարրական գիտելիքներ ունենալը ՊԱՐՏԱԴԻՐ է: 

Դիտարկենք վիճակագրական որոշ տենդենցներ: Ամբողջ աշխարհում նվազում է “պարտք վերցնելու” շեմը: Այսինքն` ամեն հաջորդ տարի ավելի փոքր տարիքից սկսած մարդիկ պարտք են վերցնում: Նվազում է նաև “պարտքի տակ մնալու” շեմը: Օրինակ` ԱՄՆ-ում անվճարունակ ճանաչված անձանց թվում արդեն իսկ նկատվում է մինչև 25 տարեկան երիտասարդների թվի կտրուկ աճ:

Սա պայմանավորված է հիմնականում տուն գնելու հիփոթեքային վարկավորման և ուսման ծախսերը վճարելու համար տրամադրվող վարկերի մեծ ծավալով: Շատ հաճախ վարկ վերցնելիս մենք չենք հաշվում` արդյոք կարող ենք մարել ԲՈԼՈՐ ծախսերը (ոչ միայն վարկի տոկոսները, այլև վարկի հետ պահանջվող ապահովագրությունը, սպասարկման վճարները և այլն): Այս թերացումը համընդհանուր է բոլոր երկրների բնակիչների համար, այդ թվում նաև Հայաստանի:

Ոչինչ անվճար չէ: Ոչ մի ֆինանսական կազմակերպություն բարեգործություն չի անելու… Միշտ էլ կարևոր է ճիշտ հասկանել դիմացինի առաջարկած գինը: 

Ուղղակի որպես հետաքրքիր ինֆորմացիոն կայք կարելի է սկսել abcfinance.am կայքից: Մասնավորապես ֆինանսական միջոցներ ճիշտ պլանավորելու և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ինֆորմացիան հեշտ հասկանալու և վերլուծելու հմտություններ հաստատ ձեռք կբերեք: Սովորելը երբեք էլ ուշ չէ, նամանավանդ եթե սովորում եք սեփական ֆինանսական միջոցներ ճիշտ տնօրինել, կազմել և կառավարել բյուջե, գրագետ խնայել և պարտք վերցնել: Իսկ հետագայում, եթե որոշեք ֆինանսական գործարքներ կնքել (օրինակ` վարկ ձեռք բերել), շատ հարցեր աչքի կզարնեն, և հավանականությունը, որ կխաբվեք կամ սխալ կպլանավորեք խոշոր ֆինանսական հոսքերը, կնվազի:

Advertisements