Երբ անվասայլակով մարդուց պահանջում են մասնակցել վազքի մրցույթի, ապա բնական է, որ արդյունք ակնկալելն անիմաստ է: Բայց երբ նույն անձից պահանջում են ստեղծագործել որևէ երաժշտական գործիքով, ապա կարելի է մեծ նվաճումներ ակնկալել:

Կարծում եմ, որ հաշմանդամների համար անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, կա երկու խնդիր.

  1. Խղճահարություն կամ արհամարհանք հասարակության կողմից,
  2. Խղճահարություն սեփական անձի նկատմամբ:

Իրականում եթե առաջինը կարող էր ինչ-որ կերպ մոտիվացնել, ստիպել անհատին ապացուցել, որ հաշմանդամությունը նրան ոչ մի առումով ավելի ցածր, ավելի վատը կամ ավելի քիչ հնարավորություններով մարդ չի դարձնում, ապա երկրորդը կատարում է ճիշտ հակառակ գործը: Հասարակության կողմից ոչ սովորական վերաբերմունքը կարող է մղել մեծ նպատակների և համապատասխանաբար նվաճումների հասնելուն: Բայց սեփական անձի նկատմամբ խղճահարությունը ստիպում է ընդունել, որ եթե ծնվել ես արատով կամ դարձել ես հաշմանդամ դեպքերի բերումով, ապա քո հնարավորությունները հօդս են ցնդել:

Ցանկացած մարդու համար էլ նպատակներին հասնելը աշխատանք և ջանքեր է պահանջում: Արդար նայելով հասարակության բոլոր անդամներին` կարող եմ ասել, որ նույն ջանքերն են պահանջվելու նաև հաշմանդամներից: Չէ որ նույն ռասիզմը մենք ավելի շատ փորձում ենք շեշտել որպես սպիտակամորթների թերություն, բայց ոչ երբեք սևամորթների, որոնց մեջ նույն հաջողությամբ կարող են ռասիստներ լինել: Այսպես կարելի է շատ կարծրատիպեր դիտարկել. գերմանացի-ֆաշիստ, ամերիկացի-անխելք, չինացի-աշխատասեր, ծխող կին, տիկնիկներով խաղացող տղա երեխա և այլն:

Սա նաև մարդու բնազդային մտածելակերպն է. էվոլյուցիայի ընթացքում ոչնչանում են թույլ տեսակները և մնում են ուժեղները: Խնդիրը հասարակության կողմից ուժեղ-թույլ տեսակի բնորոշումն է, որը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել: Եթե Ձեզ մերժում են աշխատանքի ընդունել, դա դեռ չի նշանակում, որ դիմացինը խտրականություն է դնում հաշմանդամության պատճառով: Իրականում Դուք կարող եք օբյեկտիվորեն չհամապատասխանել Ձեր կրթությամբ կամ որակավորումներով: Մի շտապեք մեղադրել ուրիշներին, ապացուցեք, աշխատեք Ձեզ վրա, ընդլայնեք Ձեր հնարավորությունները, վստահ եղեք և հավատացեք, որ կարող եք, որպեսզի դիմացինը հավատա, որ հավասար եք:

Advertisements