Վերջերս կարդացի մի պատմություն, որտեղ ասվում էր, որ կանադացի մի զույգ որոշել է ոչ ոքի չասել նորածին երեխայի սեռը` այդպիսով նրան դաստիարակելով ազատ և հասարակության կողմից ստեղծված ստերեոտիպներից անկախ…

Սեռը ոչ ոքի չասելը իրենից ենթադրում է, որ երեխայի հետ շփվող ոչ մի անձ չի իմանալու` իր դիմաց աղջիկ է, թե տղա: Այսինքն` փոքրիկը նույն հաջողությամբ կարող է հագնել թե´ վարդագույն փոռիկներով զգեստ, թե´ տղայի շորտեր, խաղալ «տղայական» կամ «աղջկական» համարվող խաղալիքներով և այլն:

Ծնողները բացատրում են, թե այս մեթոդով փորձում են զերծ պահել իրենց երեխային վարդագույն-կապույտ կարծրատիպերից: Հնարավորություն են տալիս ընտրել խաղալիքներ և հետաքրքրություններ` անկախ իր սեռին արհեստականորեն «կցված» ստանդարտներից, փորձում են զերծ մնալ երեխայի փոխարեն որոշումներ ընդունելուց և նրան իրենց կամ հասարակության կողմից ընդունելի համարվող որոշումները պարտադրելուց և այլն: Որպեսզի որևէ կերպ չմատնեն երեխայի սեռը, նրան անվանել են Սթորմ (Storm-անգլ. Փոթորիկ), որը ոչ մի կերպ անձի սեռ չի որոշում: Ընդ որում` ինչքանով հասկանալի էր դառնում ծնողների խոսքից, նրանք մտադիր էին երեխայի նախադպրոցական կրթությունը ապահովել տանը:

Իհարկե, ողջունելի է, որ ծնողները փորձում են չսահմանափակել իրենց երեխայի ընտրությունը (կյանքի ուղին) և հետաքրքրությունների շրջանակը` ելնելով հասարակության կողմից սահմանազատվող սեռային տարբերություններից, բայց նրանք հաշվի չեն առնում, որ վաղ թե ուշ երեխան գալու է հասարակությունում իր «սեռը որոշելու» խնդրին: Իսկ ինչքան ուշ, այնքան հոգեկան խանգարումները ավելի հավանական կլինեն:

Ընդ որում` թեև ծնողները պնդում են, որ այսպիսով ցանկանում են երեխայի փոխարեն որոշումներ չկայացնել, բայց, ըստ էության, կայացնում են շատ ավելի գլոբալ ազդեցություն ունեցող որոշում: Դրա փոխարեն ավելի տրամաբանական կլիներ երեխային քաջալերել ընդունել ինքնուրույն որոշումներ` նախօրոք բացատրելով դրանց հնարավոր հետևանքները: Եվ, նույնիսկ ասելով սեռը, կարելի էր աջակցել փոքրիկին, որպեսզի նրա ձգտումները, երազանքները կամ հնարավորությունները չսահմանափակվեին հասարակության կողմից սեռերին կցված սահմաններով:

Կարծում եմ, որ սեռային տարբերություններից հնարավորինս զերծ կարելի է մեծացնել երեխաներին առանց ծայրահեղությունների գիրկն ընկնելու և երեխաների վրա փորձեր կատարելու: Առանց այդ էլ երեխա մեծացնելու գործընթացը մի ողջ էքսպերիմենտ է: Շատ ծնողներ հավասարապես թույլ են տալիս իրենց երեխաներին խաղալ «տղայի» և «աղջկա» խաղալիքներով, հագնել նեյտրալ հագուստ, խաղալ տուն-տունիկ և ֆուտբոլ («տղայական» և «աղջկական» խաղեր) և այլն: Բայց իրականացնել էքսպերիմենտ, որն ամբողջությամբ դուրս է հասարակության ընդունելի ստանդարտներից այն աստիճան, որ կարող է հանգեցնել երեխայի մոտ հոգեկան շեղումների կամ անդառնալի իրավիճակների… դժվարանում եմ անվանել (գեր)ժամանակակից մտածելակերպ…

Advertisements