Մեր գերակշիռ մասը սկսում է մտածել սեփական ֆինանսական դրության մասին, երբ արդեն նկատելի խնդիրներ կան: Այդ նույն ճանապարհով են անցել նաև մեր ծնողները: Իսկ ինչպե՞ս խուսափել ֆինանսական խնդիրներից և ինչպես կանխարգելել դրանց առաջացումը: Դեռ ուսանողական տարիներին քննություններ հանձնելու համար մենք պատրաստվում ենք, իսկ ի՞նչ ենք անում կյանքի քննություններին պատրաստվելու համար…

10 ֆինանսական սովորություն, որ պետք է սկսել ուսանողական տարիներից

  1. Կազմեք ԲՅՈՒՋԵ:  Հետևեք Ձեր ծախսերին և եկամուտներին (նույնիսկ եթե եկամտի միակ աղբյուրը ծնողների տված գումարներն են): Ուշադրություն դարձրեք, թե ինչքան եք ծախսում մի բաժակ սուրճ, ընկերների հետ մի հատ պաղպաղակ և նման փոքր գնումների վրա ամսվա կտրվածքով (զարմանալ պետք չէ, եթե դա նշանակալի գումար կազմի): Օրինակ` եթե Դուք օրական մեկ անգամ սուրճի ապարատից 200 դրամ արժողության սուրճ եք խմում, ապա ամսվա կտրվածքով ծախսում եք առվազն 5000 դրամ, իսկ տարվա կտրվածքով` 60.000: Եթե խմեք 100 դրամ արժողության, ապա տարվա ընթացքում  կխնայեք 30.000 դրամ, որ գրեթե հավասար է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի մեծությանը: Կարող եք օգտվել հատուկ բյուջեի հաշվիչներից, եթե ինքներդ դժվարանում եք հաշվարկներ կատարել:
  2. Խնայեք «սև օրվա համար»: Սովորաբար ասում են, որ Դուք պետք է այնքան խնայողություն ունենաք, որ բավարար լինի 3 ամիս ապրելու` առանց որևէ եկամտի աղբյուրի: Մեծահասակների գերակշիռ մասը նման ծավալի խնայողություններ չունի: «Սև օր» կարող է լինել գործազրկություն, անսպասելի առողջական խնդիրներ և այլն: Հույս ունենալով, որ Դուք երբևէ «սև օր» չեք ունենա, ապահովագրվելը ամեն դեպքում չէր խանգարի:
  3. Մարեք պարտքերը ժամանակին: Եթե ունեք վարկային գիծ, գրավատնից փոքր վարկ և այլ տիպի պարտքեր, մարեք ժամանակին: Օրինակ` եթե ուշացնեք 10.000 դրամ ամսական մարումը և եթե ուշացման գումարի վրա կուտակվի օրական 1% տույժ, ապա մեկ ամիս ուշացնելու դեպքում ստիպված կլինեք վճարել 3000 դրամ տույժ, իսկ 1 տարի ուշացնելու դեպքում` 36.000, որը սկզբնական պարտքի 360% է կազմում: Եթե նախապես կազմեիք բյուջե և վերահսկեիք Ձեր ծախսերը, ապա ժամանակին կվճարեիք 10.000 դրամ պարտքը և ավելորդ տուգանքներ չէիք վճարի: Կարող եք օգտագործել նաև վարկային հաշվիչներ:
  4. Վճարեք հարկերը ժամանակին: Հարկերը ամենամսյա ծախսեր են, որոնք հիմնականում տատանվում են մոտավոր նույն գումարի շուրջ: Այսինքն` դժվար չէ կանխատեսել, թե ինչքան հարկ եք վճարելու յուրաքանչյուր ամիս: Ըստ այդմ` կարելի է համապատասխան գումար պատրաստել մինչև մարման օրը:
  5. Մի ծախսեք ավելին, քան աշխատում եք: Երբ ոտք եք դնում պարտքի միջոցով ծախսերը ֆինանսավորելու ուղու վրա, հետ կանգնելը դժվար է: Օրինակ, երբ վերցնում եք ապառիկ, կրեդիտ քարտ, վարկ կամ բացում եք վարկային գիծ, որի միջոցով ֆինանսավորում եք առօրյա ծախսերը, ապա հավանական է, որ մոռանաք կամ ուշացնեք վճարումները, ինչի արդյունքում ոչ միայն տուգանքներ կվճարեք, այլև կհայտվեք վարկային ռեգիստրում` որպես ուշացումներ ունեցող պարտապան: Այս մեթոդով շատերը մի պարտքը մարելու համար մեկ ուրիշն են վերցնում, ինչի արդյունքում աստիճանաբար խրվում են մինչև վերջնականապես սնանկանալը: Միայն ԱՄՆ-ում անցյալ տարվա ընթացքում 1.5 միլիոն մարդ սնանկացել է այս ճանապարհով պարտքեր կուտակելու պատճառով:
  6. Զգույշ եղեք հիփոթեքի հետ: Հիփոթեքային վարկ վերցնելիս ամենակարևորը միայն տոկոսադրույքը չէ: Կան այլ ծախսեր` վարկի սպասարկման ծախս, տան ապահովագրություն, այլ կողմնակի ծախսեր, որոնք Դուք եք կատարելու: Դրանք ազդում են այն գումարի մեծության վրա, որ Դուք պետք է վճարեք բանկին կամ վարկային կազմակերպությանը, հետևաբար պետք է շատ ուշադիր լինել և մանրամասն տեղեկություններ հավաքել նախքան վարկ վերցնելը:
  7. Մտածեք կենսաթոշակային տարիքի մասին: Ինչպե՞ս եք ուզում ապրել թոշակի անցնելուց հետո: Ի՞նչ աղբյուրներից եք եկամուտ ակնկալում: Համոզվա՞ծ եք, որ պետությունից ստացվող գումարը բավարար կլինի: Համոզվա՞ծ եք, որ Ձեր երեխաները ֆինանսապես կկարողանան կամ կցանկանան Ձեզ աջակցել: Այսօր կենսաթոշակառուների գերակշիռ մասը իրենց առօրյա ծախսերը սեփական միջոցներով չեն կարողանում հոգալ, մի հայտնվեք նրանք շարքերում:
  8. Մտածեք կենսաթոշակային տարիքի մասին ՀԻՄԱ: Բացի այն, որ Դուք մտահոգվում եք ապագայի համար, պետք է նաև քայլեր ձեռնարկել: Իհարկեք, մեզնից յուրաքանչյուրի համար 65 տարեկանը շատ հեռու ապագա է թվում, բայց, օրինակ եթե ամեն տարի կուտակեք այն 30.000 դրամը, որ ընդամենը սուրճ քիչ խմելով եք խնայում, 35 տարի հետո կունենաք 1.050.000 դրամ: Իսկ եթե այդ գումարները նաև ավանդ դնեք 10%-ով, կունենաք 1.400.000 դրամից ավելի: Շուտ խնայելու առավելություններից մեկն էլ այն է, որ 35-45 տարեկանում բարեկեցիկ ծերություն ապահովելու համար Դուք ստիպված կլինեք ավելի մեծ գումարներ խնայել, ինչը հնարավոր է շատ ավելի բարդ լինի, քան ավելի երիտասարդ տարիքում (օրինակ` եթե ունեք ընտանիք, երեխաներ, ծնողներ, ում մասին հոգ եք տանում):
  9. Ունեցեք ֆինանսական նպատակներ: Եթե ուսանողական տարիներին նպատակը առաջին հերթին բարեհաջող ավարտելն է (կամ անվճար սովորելը), ապա ավարտելուց հետո պետք է հստակ որոշել ինչ եք ուզում` մեքենա,տուն, խնայողություններ հարսանեկան ծախսեր, արձակուրդ կամ այլ խոշոր իրադարձություն պլանավորելուհամար և այլն:
  10. Սովորեք: Անկախ մասնագիտությունից, անձնական ֆինանսների մասին հստակ պատկերացում ունենալը կօգնի շատ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել: Միայն ուսանողական տարիներին ստացած տեսական գիտելիքները բավարար չեն, կյանքի ընթացքում ավելի շատ գործնական ֆինանսներ են պետք գալու: Օրինակ` գիտե՞ք, թե ինչով են տարբերվում վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը և ուղղակի տոկոսադրույքը… Իսկ գիտե՞ք, որ վարկի մարման համար բավարար գումար չպատրաստելու, նույնիսկ ամբողջ վարկը չմարելու հիմնական պատճառներից մեկը հենց այս գիտելիքի պակասն է… Սովորեք մասնագետներից կամ մասնագիտացված ռեսուրսներից` կայքեր, գրքեր և այլն: Ընկերներից «մի երկու բառով» մոտավոր մի բան իմանալը գիտելիք չէ և շատ դեպքերում իրականությունից էլ կարող է հեռու լինել…

Մաղթում եմ, որ կյանքի քննություններն էլ կարողանանք գերազանց հանձնել:

Advertisements