Վերջերս հայտնվեցի մի կայքում, որտեղ տեղադրված էին հայկական երգիչ-երգչուհիների ստեղծագործությունները: Սկզբում մտածեցի, որ ընկել եմ հերթական «պիռատսկի» կայքը, որտեղ այստեղ-այնտեղից հավաքել և անվճար ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել են երգեր և երաժշտություն: Հետո աչքովս ընկավ կայքի անունը` MuzOn.am-The first free and legal Armenian music download portal (հայկական երաժշտության առաջին անվճար և օրինական ներբեռնման պորտալ)… Եվ հետաքրքրեց:

Կարդացի, թե ինչ սկզբունքով է աշխատում կայքը` տեղադրելով հեղինակային երգեր օրինական կերպով ԱՆՎՃԱՐ ներբեռնելու համար: Սխեման բազմաթիվ երկրներում վաղուց կիրառվողներից է: Հեղինակները իրենց գումարները ստանում են ոչ թե երգի համար ներբեռնելիս իմ կամ քո վճարած գումարից, այլ գովազդատուների վճարած գումարներից: Իսկ գովազդատուները վճարում են, որովհետև ես և դու ստիպված ենք դիտել իրենց գովազդները: Թե հայկական տարբերակում ինչպես են այս հարցը կազմակերպել, որոշեցի անձամբ տեսնել:

Նախ, բնականաբար, գտնում եք այն երգը, որ ցանկանում եք ներբեռնել: Հետո ընտրում եք այն գովազդային հոլովակը, որ պատրաստ եք դիտել «հանուն այդ երգը անվճար ներբեռնելու»: Դիտում եք, այնուհետև միայն ստանում եք ներբեռնման հնարավորություն:

Այսպիսով` երջանիկ են

  1. Երգը ներբեռնել ցանկացող անձը, քանի որ ներբեռնում է ոչ միայն անվճար, այլև հանգիստ խղճով` ներբեռնելով օրինական ճանապարհով,
  2. Երգիչը/երգչուհին, քանի որ իր ստեղծագործությունները ներբեռնում են անվճար և հասարակության լայն զանգվածի համար ընդունելի տարբերակով, սակայն նա դրանից գումար է ստանում
  3. Գովազդատուները, քանի որ միանշանակ գիտեն, թե քանիսն են դիտել իրենց գովազդը և վստահ են, որ ոչ ոք ալիքը չի փոխել կամ չի փակել, չի հեռացել համակարգչի դիմացից (գովազդը տևում է մեկ րոպեից քիչ, իսկ անմիջապես հետո տրվում է ընդամենը 10 վայրկյան ներբեռնելու համար: Եթե ուշանաք, ստիպված կլինեք ողջ գործողությունը կատարել սկզբից)

Ուրախ եմ, որ մեր երկրում մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել ոչ միայն ինչ-որ բան ԱՆՎՃԱՐ ստանալուն, այլև ՕՐԻՆԱԿԱՆ ստանալուն: Մեծ հույսերով կսպասեմ նմանատիպ կայքի` հայկական ֆիլմեր ներբեռնելու համար:

Advertisements