Ամեն տարի օգոստոս ամսին ես զարմանքով նայում եմ այն ծնողներին, ովքեր խուճապի մեջ, շոգից և հոգնածությունից ճլորած երեխաներին ձեռքից քարշ տալով հսկայածավալ գնումներ են կատարում նոր ուսումնական տարվա համար: Ավելի շատ զարմանում եմ, որ մարդիկ չեն նկատում, որ այդ գնումների մինչև 50% անիմաստ են: Ավելին, հաճախ անհրաժեշտ է լինում նմանատիպ պարագաներ ձեռք բերել դասերը սկսելուց հետո, երբ պարզ է դառնում, որ շատ բաներ ճիշտ չեն գնվել կամ առհասարակ ավելորդ են եղել:

Գուցե տարիներ առաջ, երբ խանութները լցվում էին միայն այսպիսի օրերի, մարդիկ աշխատում էին միանգամից ամեն ինչ ձեռք բերել, քանի որ համոզված չէին, որ վաղը նույնը կկարողանան: Բայց այսօր, երբ ամեն քայլափոխի խանութներ և սուպերմարկետներ են, նմանատիպ խուճապը արդեն անհիմն է:

Այս և շարունակական մի քանի հոդվածներում կներկայացնեմ մի քանի խորհուրդ` ուսումնական տարին գրագետ գնումներ կատարելու համար:

  • Գնեք միայն այն, ինչի կարիքը ունի Ձեր երեխան: Նախօրոք ճշտեք, թե ինչ տետրեր, գրիչներ և այլ պարագաներ են անհրաժեշտ լինելու ուսումնական տարվա ընթացքում: Եթե դպրոցում կամ աշակերտների միջոցով այդ տեղեկությունը հասանելի չէ, ապա գնեք միայն մեկ-երկու աշխատանքային տետր և գրիչ, իսկ մնացածը ձեռք կբերեք, երբ ամեն ուսուցիչ իր պահանջները ասի: Այդպիսով կխուսափեք տանը մի քանի տասնյակ անպետք տետր կուտակելուց և, բնականաբար, ավելորդ ծախսերից:
  • Գնումներ կատարեք տանը: Նախ և առաջ փնտրեք, թե տանը նախորդ ուսումնական տարվանից ինչ պետքական իրեր կան: Գրիչներ, տետրեր, մատիտներ, մկրատ, գրքերի և տետրերի կազմեր, գրչատուփեր և այլն: Շատ դեպքերում դրանք բավարար են լինում առաջին մեկ ամսվա ուսումնական կուրսը անցնելու համար, իսկ հետգայում գնումները քիչ-քիչ անելով կխուսափեք ծանր և խոշոր գնումներից, ամառային շոգին խանութների քաշքուկից: Լինում է նաև այնպես, որ իրերը կարելի է բերել թարմ տեսքի և կրկին օգտագործել:
  • Ոչ մի տեղ գրված չէ, որ երեխայի հագին անպայման նոր կոշիկներ, գուլպաներ, վերնաշապիկ և այլ պարագաներ պետք է լինեն սեպտեմբերի մեկին: Նամանավանդ, որ դպրոցականները տարվա ընթացքում ամենաշատը մեկ-երկու շաբաթ են կրում այդ հագուստը: Այն չի հասցնում մաշվել և հնանալ, հետևաբար ամեն տարի նորը գնելու կարիք էլ չկա: Միայն մեկ նոր վերնաշապիկը կարող է միանգամայն թարմ տեքս հաղորդել, հատկապես եթե հաշվի առնենք, որ ոչ ոք չի հիշում նախորդ տարվա Ձեր գուլպաներ կամ տաբատը կամ կիսաշրջազգեստը ինչ տեսք ունեին:
  • Աշխատեք խուսափել մուլտֆիլմերի նկարներով պայուսակներից, քանի որ դրանք ավելի թանկ արժեն, քան հասարակ պայուսակները: Ավելին, հասարակ պայուսակը սեռային և տարիքային սահմանափակում չունի: Այն կարող է օգտագործել ինչպես առաջին դասարանցի տղան, այնպես էլ ութերորդ դասարանցի աղջիկը: Կխուսափեք նաև ամեն տարի հերթական նորաձև մուլտֆիլմի հերոսներով իրեր ձեռք բերելուց, քանի որ դրանք շատ արագ դադարում են նորաձև լինելուց և ստիպում նոր ծախս անել (իսկ տանը գրեթե չօգտագործված պայուսակը այդպես էլ կմնա անիմաստ ծախս):
  • Օգտվեք զեղչերից և մեծածախ վաճառքի կետերից: Միավորվեք ծնողներով, գնումները կատարեք միանգամից մի քանի աշակերտի համար: Այդպես յուրաքանչյուրդ ավելի էժան ձեռք կբերեք անհրաժեշտ իրերը` միևնույն ժամանակ խուսափելով ավելորդ գնումերից: Կխուսափեք նաև տրանսպորտային ավելորդ ծախսերից:

Շարունակելի…

Advertisements