Նախորդ հոդվածում անդրադարձել եմ նոր ուսումնական տարին սկսելիս կատարվող մեծ ծախսերին և դրանցից խուսափելու հնարավոր միջոցներին: Այս հոդվածում կշարունակեմ այդ խորհուրդները:

  • Սպասեք: Շատ դեպքերում օգոստոսյան խուճապը դադարելուց հետո խանութներում սեպտեմբերին մեծ զեղչե
    ր են լինում` ավելորդ գրենական պիտույքներից ազատվելու համար: Սպասեք և օգտվեք այդ զեղչերից, նամանավանդ, որ մինչև սեպտեմբերի 10-ը Ձեր երեխան նույնիսկ մեկ տետր ու գրիչ չի հասցնի ավարտել:
  • Ասեք Ձեր երեխային, որ ցանկացած իր, որ դուրս է աշակերտական անհրաժեշտ պարագաների ցանկից, վճարվելու է երեխայի անձնական խնայողություններից: Կամ դրեք սահմանափակում. անցյալ ուսումնական տարին լավ ավարտելու կապակցությամբ միայն մեկ լրացուցիչ իր և վերջ: Մի´ գնեք այն ամենը, ինչը Ձեր երեխայի պահի քմահաճույքն է:
  • Օգտագործեք մեծ երեխաների գրքերը կամ գրիչները, որ մնացել են նախորդ տարվանից: Հատկապես եթե երեխաների մեջ տարբերությունը մեկ-երկու տարի է, ապա դասագրքերը, աշխատանքային տետրերը, քարտեզները և այլ լավ պահպանված/չօգտագործված իրերը խնայողության լավ միջոց են:
  • Ձեռք բերեք տետրեր, որոնք կազմի կարիք չունեն: Կամ կազմեք գրքերն ու տետրերը փաթեթավորման թղթերով: Նախ սա ավելի էժան է, և երկրորդ` Դուք կարող եք երեխայի հետ միասին կազմել գրքերն ու տետրերը, ինչը լավ ուսուցողական աշխատանք է, երեխայի հետ մտերմանալու և զրուցելու միջոց:
  • Նույն կերպ կարող եք պատրաստել գրչատուփեր, հեռախոսի պատյաններ և այլն` օգտագործելով տանը ձեռքի տակ ընկած իրերը: Կարող եք նախորդ տարվա հնացած իրերին թարմ տեսք տալ զարդարելու կամ ներկելու օգնությամբ: Սա նաև կզարգացնի Ձեր երեխայի երևակայությունը, կպաստի «ձեռքից շնորհքով» մարդ մեծանալուն, ուսումնական տարվան դրական տրամադրվելուն:
  • Նախօրոք որոշեք այն առավելագույն գումարը, որ մտադիր եք ծախսել: Ընդ որում` հաշվարկեք միայն այն իրերը, որոնց կարիքը իսկապես կա: Եվ կտեսնեք, թե ինչքան ավելորդ գումարներ էիք ցանկանում ծախսել…
  • Ձեր երեխային ընդգրկեք զեղչեր և կուպոններ փնտրելու գործընթացում: Թող նա նույնպես գիտակցի փողի և աշխատանքի կարևորությունը: Այսօր շատ հայկական կազմակերպություններ թերթերում և ինտերնետում տեղադրում են զեղչերի կտրոններ և հայտարարություններ, որոնցից կարելի է օգտվել:

Շարունակելի…