Նախորդ երկու հոդվածներում անդրադարձել եմ նոր ուսումնական տարին սկսելիս մեծ ծախսերից խուսափելու հնարավոր միջոցներին: Այս հոդվածում կշարունակեմ այդ խորհուրդները:

  • Շատ պարագաներ կարելի է ձեռք բերել ավելի էժան, եթե դրանք անցած սեզոնի են: Օրինակ` սպորտային համազգեստները, հեռախոսները և այլն: Նամանավանդ եթե դրանց նոր լինելը էական նշանակություն չունի աշակերտի համար:
  • Մտածեք հինը նորով փոխանակելու մասին: Օրինակ` հեռախոսի կամ համակարգչի հին մոդելը նորով կարող եք փոխանակել, կամ վաճառել, լրացնել մի փոքր գումար և գնել նորը:
  • Մի շարք մարդիկ նվիրում են իրենց դասագրքերը, հագուստը (շատ հաճախ այն օգտագործված էլ չի լինում), հեռախոսը, համակարգչի մասերը: Շատերը նորը գնելուց հետո որոշում են ոչ թե վաճառել ունեցածը, այլ նվիրել: Ձեր երեխան նույնպես կարող է փնտրել և գտնել նման իրեր, օրինակ ինտերնետի օգնությամբ:
  • Անամոթ խորհուրդ: Հարցրեք Ձեր աշխատավայրում, թե արդյո՞ք կան գրենական պիտույքներ, որ կարելի է բարեգործության տալ մանկատուն կամ դպրոց: Դուք դրանց մի մասը կարող եք օգտագործել Ձեր երեխայի համար, մնացածը հանձնել դպրոցի գրադարանին:
  • Սպասելով դպրոցական տարվա սկզբին, Դուք կարող եք դասացուցակից հասկանալ, թե որ իրերը պետք չեն: Օրինակ` եթե աշխարհագրության փոխարեն Ձեր երեխան անցնելու է էկոլոգիա, ապա հասկանալի է, որ քարտեզներ գնելու կարիք չի լինի: Կամ եթե երկրաչափություն անցնելու են երկրորդ կիսամյակում, ապա քանոն, կարկին և գծագրության պարագաներ գնելը կարելի է հետաձգել:
  • Գնեք ոչ թե թանկ և «թույն» իրեր, այլ ԱՆՀՐԱԺԵՇՏ իրեր: Թանկարժեք գրչատուփ գնելու կարիք չկա, եթե Ձեր երեխան միայն մեկ գրիչ է տանում դպրոց, այն էլ պայուսակի մյուս գրպաններում: Պայուսակն էլ կարող եք գնել ավելի էժան: Օրինակ` երեք տարվա ընթացքում մեկ 40.000 դրամանոց պայուսակ գնելը ավելի թանկ կարժենա, քան ամեն տարի մեկ հատ 10.000 դրամանոցը: Մտածեք նաև գնումի պիտանելիության ժամկետի և գնի համադրելիության մասին:

Շարունակելի…

Advertisements