Նախորդ 1, 2, 3 մասերից հետո սա վերջին և եզրափակիչ մասն է: Այստեղ ներկայացնելու եմ այն խորհուրդները, որոնց միջոցով Դուք կարող եք ավելի քիչ ծախս կատարելով Ձեր երեխայի համար ապահովել ուրախ ուսումնական տարի, իսկ Ձեզ համար` ֆինանսապես թեթև ուսումնական տարի:

  • Եթե դպրոցում նկարչական դասընթացը պահանջում է 12 գույնանի մատիտներ, ուրեմն գնեք 12 գույնանի մատիտներ: 24 կամ 96 գույնը բացարձակ անիմաստ է: Մի բարդացրեք Ձեր երեխայի կյանքը, շատ մասնագետների կարծիքով երեխաները սթրեսի մեջ են ընկնում բազմաթիվ գույներից չկարողանալով ընտրություն կատարել, դանդաղում է նրանց մտածելու արագությունը, նվազում ուսումնական աճի տեմպը:
  • Չեմ հասկանում, թե ինչպես օգոստոսի 25-31 ընկած ժամանակահատվածում բոլոր հայ երեխաների հագուստները միանգամից մաշվում են և կամ անհետ կորում: Պետք չէ մի պահարան շոր գնել, նամանավանդ, որ տարվա ընթացքում աշակերտները ավելի հաճախ ջինսեր են հագնում, որոնք արդեն իսկ ունեին: Ուրեմն մեկ վերնաշապիկն էլ բավական է սեպտեմբերի մեկին թարմ տեսք ունենալու համար:
  • Մի չարաշահեք վարսավիրական ծառայությունները: Որևէ իմաստ չեմ տեսնում տարրական դասարանների աշակերտներին պրոֆեսիոնալ վարսավիրների կողմից հարդարված դպրոց գնալու մեջ: Անպայման չէ, որ Ձեր 7 տարեկան աղջիկը «խառը ֆենով» և սալոնային մանիկյուրով հանդիսավոր ներկայանա սեպտեմբերի մեկին դպրոց: Ավելորդ ծախս է, քաշքշուկ, սթրես: Երեխայի ուղղակի սանրված մազերը շատ ավելի բնական և գեղեցիկ տեսք ունեն փոքր տարիքում: Նույնը նաև տղաներին է վերաբերում:

Ամփոփելով` ասեմ, որ պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկնել: Խուսափեք անհեթեթ ծախսերից, քաղքենի գնումներից և ավելորդ հոգսերով Ձեզ ծանրաբեռնելուց: Խանութներում միշտ էլ ամեն ինչ հասանելի է, իսկ երեխայի համար ավելի կարևոր պետք է լինի կրթությունը և ոչ թե արտաքինը: Ճիշտ ձևավորեք արժեքները, որպեսզի հետո չկանգնեք Ձեր իսկ կողմից ստեղծված խնդիրների առաջ:

Advertisements