Բոլորիս հետ էլ կարող է պատահել մի իրավիճակ, որ վարկ վերցնելուց հետո գրեթե անմիջապես փոշմանում ենք մեր արածի համար և որոշում հետ վերադարձնել գումարը… Բայց… Իսկ եթե մեզնից մեծ տույժեր և տուգանքներ պահանջե՞ն… Իսկ եթե մեր վարկային պատմության մեջ վատ բաներ գրե՞ն… Իսկ ավելի լավ չի՞ լինի խելոք սուս-փուս մարեմ վարկս… Լավ է՜… մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ…
Այսպիով ավարտվում է մեր իրավունքների համար պայքարը, իսկ մենք չենք էլ տեղեկանում, որ ունեիք հնարավորություն, որից չօգտվեցինք…
Մեր երկրում կա մի շատ լավ օրենք, որի մասին պետք է իմանան բոլորը: Օրենքը կոչվում է «Սպառողական կրեդիտավորման մասին»: Այն կարևոր է հատկապես այն անձանց համար, ովքեր արդեն վերցրել կամ ցանկանում են ապագայում վերցնել ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ: Սպառողական վարկը կենցաղային տեխնիկայի, առօրյա իրերի գնման և նման նպատակների ծառայող վարկն է: Երբ որևէ տեխնիկային խանութից ապառիկ եք վերցնում, դա նույնպես սպառողական վարկ է:
Սպառողական վարկը տալիս են միայն ՀՀ դրամով (իսկ օրինակ տուն գնելու համար վարկը կոչվում է հիփոթեք և այն կարող են տալ նաև այլ արժույթով, քանի որ հիփոթեքը սպառողական վարկ չի համարվում):
Եվ ուրեմն… Ինչպե՞ս վերադարձնել ՍՊԱՌՈՂԱԿԱՆ վարկը և ՉՎՃԱՐԵԼ ՏՈՒՅԺԵՐ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐ: Վերը նշված օրենքում կա հոդված 9, որտեղ ասվում է, որ սպառողական վարկ վերցրած հաճախորդը ունի 7 օր մտածելու իրավունք: 7 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈւՄ կարող եք ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ վարկը առանց տույժեր և տուգանքներ վճարելու: Բանկը կամ վարկային կազմակերպությունը իրավունք ունի Ձեզնից պահանջել ՄԻԱՅՆ օգտագործված օրերի դիմաց տոկոսագումարը, ինչը չնչին գումար է կազմելու:
Ուշադիր եղեք և տեղեկացեք Ձեր իրավունքների մասին, որպեսզի Ձեզ չխաբեն:

Advertisements