Ամբողջ աշխարհում վաղուց գործում է «բիզնես ինկուբատոր» կամ «բիզնես լաբորատորիա» կոչվածը: Շատ երկրներում այսպիսի ծրագրեր շատ կան, որոշ երկրներ դեռ նոր են սկսում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Բիզնես ինկուբատորը մի սխեմա է, որը օգնում է հատկապես երիտասարդներին գաղափարից բիզնես ստեղծել : Ինչպե՞ս:

Նախ որեւէ կազմակերպություն կամ հիմնադրամ նախաձեռնում է «գաղափարների հավաքագրում»: Այսինքն՝ բոլոր ցանկացողները կարող են իրենց բիզնես գաղափարները ուղարկել (շատ դեպքերում մեկ-երկու նախադասությամբ): Այնուհետեւ սկսվում է գաղափարների ֆիլտրացիա: Ընտրվում են հետաքրքիր եւ ռեալիստիկ գաղափարներ, զրուցում են մասնակիցների հետ: Ի վերջո առանձնացվում է ընտրված դիմումների ցանկ, որի հիման վրա էլ հրավիրում են մասնակիցներին սեմինարի կամ ուղղակի հանդիպման: 

Մի շարք ծրագրերում կարող են հրավիրել նաեւ չընտրված մասնակիցներին, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն սեմինարներին կամ միանան ընտրված մասնակիցներին՝ գաղափարը թիմով կյանքի կոչելու համար (ինչպես օրինակ Kolba Labs-ն է):

Այնուհետեւ բիզնես ինկուբատորը օգնում է գաղափարները իրականացնել՝ սկսած դրանց վերջնական տեսքի բերելուց վերջացրած ֆինանսական ռեսուրսներ փնտրելով: Արդյունքում ստեղծվում են փոքր բիզնեսներ, որոնք նվիրվածության եւ աշխատասիրության շնորհիվ կարող են մեծ եւ լուրջ ընկերությունների վերածվել, անգամ դուրս գալ Հայաստանի սահմաններից:

logoՄինչեւ վերջերս չգիտեի, որ գոյություն ունի նմանատիպ բիզնես ինկուբատոր Հայաստանում: Իսկ հիմա գիտեմ միանգամից երկուսի մասին: Մեկը «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամն է, որը մասնագիտացել է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում:

kolbalabs square 002-1Մյուսը՝ Kolba Labs-ը, որ մասնագիտացել է սոցիալական խնդիրներ լուծող բիզնես գաղափարների ոլորտում, սակայն շարունակում է ընդունել նաեւ այլ բնույթի բիզնես գաղափարներ:

Կարծում եմ երիտասարդներին արժի գոնե մի անգամ փորձել օգտվել բիզնես ինկուբատորի ծառայությունից: Եթե ձեր գաղափարները չընտրվեն, դուք ամեն դեպքում փորձ, գիտելիքներ եւ կապեր ձեռք կբերեք: Մտածե՛ք, ստեղծե՛ք, փորձե՛ք, զարգացրե՛ք: