Խնայող մարդիկ ավելի գրավիչ են հակառակ սեռի համար

1 մեկնաբանություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ խնայող մարդկանց ինքնատիրապետումը նրանց ավելի սեքսուալ է դարձնում:

Եթե Դուք ցանկանում եք ինչ-որ մեկին դուր գալ, ցույց տվեք Ձեր տնտեսող կողմը: Այն կհամոզի Ձեր ընտրյալին, որ Դուք պատասխանատու, զգայուն եւ առողջ մարդ եք: Գումարած այն, որ Ձեզ ավելի սեքսուալ կհամարեն, ինչպես պարզվել է նոր հետազոտության շնորհիվ:

«Երբ մարդկանց ցույց եք տալիս նույն անձի պատկերը, սակայն մի անգամ նշում եք, որ նա խնայող է, իսկ մյուս անգամ՝ ծախսող, ապա խնայողը ավելի գրավիչ է դիտվում հակառակ սեռի ներկայացուցիչների համար», — ասում է Ջեննի Օլսոնը (Միչիգանի համալսարանի Ռոսս բիզնես դպրոցի PhD թեկնածու):

Օլսոնը իր հետազոտության մեջ ասում է, որ խնայող ասելով ինքը նկատի չունի ագահ կամ գծուծ մարդկանց: «Գծուծ մարդկանց մեջ ոչ մի գրավիչ բան չկա»,- ասում է նա: Եթե ագահ մարդը գումարը ուղղակի չի ծախսում, ապա խնայողը այն կուտակում է հանգստի ուղեգիր, մեքենա, տուն կամ մեկ այլ խոշոր գնում կատարելու համար:

Հետաքրքիր է, որ կան ագահության «մատնիչ նշաններ»: Նույնիսկ առաջին հանդիպմանը կարելի է նկատել բնավորության այս գիծը: Օրինակ՝ ռեստորանում թեյավճար թողնելը: Գծուծ մարդը չի թողնի թեյավճար, որովհետև չի ցանկանում բաժանվել իր փողից, անգամ եթե շատ ունի: Իսկ խնայող մարդը գիտակցում է, որ թեյավճարը մատուցողի վաստակն է և անգամ ոչ մեծ գումար ունենալու դեպքում թեյավճար է թողնում: Անհրաժեշտության դեպքում նա այլ, ավելի հարմար իրավիճակներ կգտնի խնայելու համար (օրինակ՝ կհրաժարվի հերթական մեկ բաժակ սուրճը խմելուց):

Հետազոտության արդյունքները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Այս թեմայի շուրջ ուսումնասիրությունների մասին Օլսոնը և Միչիգանի համալսարանի դոցենտ Սքոթ Ռիքը հրապարակել են մի գիրք՝ «A Penny Saved Is a Partner Earned: The Romantic Appeal of Savers» անվամբ: Նրանք փորձել են ցույց տալ, որ կանայք իրենց կյանքի երկրորդ կեսին փնտրելիս ուշադրություն են դարձնում առաջին հերթին տղամարդու ֆինանսապես ապահովված լինելուն: Սա, ըստ էության, հակասում է այն համընդհանուր կարծրատիպին, որ կանայք իրենց ընտրություն կատարում են՝ հիմնվելով զգամունքների վրա:

«Չկա սեռերի միջև տարբերություն. տղամարդիկ և կանայք խնայողներին ավելի համակրելի են համարում», — ասում է Օլսոնը: Ինչու՞: Պատճառները մի քանիսն են: Նախ խնայողություն կատարել կարող են միայն ինքնակառավարման ունակություններով օժտված մարդիկ: Ովքեր կարող են հաջողությամբ «հետ պահել» իրենց ավելորդ ծախսերից, կարող են նույն հաջողությամբ հետ պահել իրենց ալկոհոլից, ծխախոտից և մոլախաղերից (азартные игры): Իսկ պոտենցիալ գործընկերները խնայող մարդկանց տեսնում են որպես աշխատասեր, լավ վարկային պատմություն ունեցող, և երկարաժամկետ պլանավորման ունակություններով օժտված մարդ:

Համաձայն մեկ այլ համալսարանի հետազոտությունների՝ խնայողները նաև ավելի առողջ են, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր: Հետաքրքիր է, որ Նորդվեստերն համալսարանի Ֆեյնբերգի բժշկական դպրոցի հետազոտողները գտել են ուղիղ կապ մարդու ունեցած պարտքերի և հոգեկան առողջության միջև: Այս հետազոտությանը մասնակցել է 24-32 տարեկան 8.400 մարդ: Պարզվել է, որ մեծ պարտքեր ունեցողները ավելի շատ են հակված ստրեսի և դեպրեսիայի, ավելի հաճախ են դիմում բժշկի, ավելի դժգոհ են իրենց ընդհանուր առողջական վիճակից: Մեծ պարտքերը 1.3% բարձրացնում են արյան ճնշումը, ինչը 15%-ով ավելացնում է կաթվածի հավանականությունը:

«Պարտադիր չէ, որ պարտքի և ֆիզիկական առողջության միջև կապը երևա երիտասարդ մարդկանց մոտ, սակայն ժամանակի ընթացքում այն ավելի ակնհայտ է դառնում», — ասում է Էլիզաբեթ Սվիթը, ով հետազոտության հեղինակներից մեկն է:

Քանի որ խնայող մարդիկ հիմնականում ընկալվում են որպես ինքնակառավարման ավելի մեծ ունակություններով անձինք, քան ծախսողները, ապա Օլսոնի կարծիքով տրամաբանական է ենթադրել, որ նրանք հարաբերություններում ավելի գրավիչ են: Ինքնակառավարումը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ է, որ զուգընկերները զսպում են իրենց անհիմն վեճերից, մեկը մյուսին վիրավորելուց, անգամ դավաճանությունից: Այլ կերպ ասած՝ նրանք ավելի վստահելի են: Օլսոնը նկատել է նաև, որ այն մարդիկ, ովքեր ընտրում են ծախսողներին, ակնկալում են իրենց ընտրության դիմաց «ֆինանսական փոխհատուցում»: Այսինքն՝ եթե մարդը ծախսող է, ապա նրանից ակնկալում են առվազն մի քանի անգամ ավելի բարձր եկամուտ, քան խնայողից: Հետազոտության մեջ սա երևում է այն փաստով, որ հարցվածների կարծիքով խնայող մարդը միջինում աշխատում է 63.340 ԱՄՆ դոլար, իսկ ծախսողը՝ 236.250 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ սա ընգծում է, որ խնայողներին որպես զուգընկեր ընտրելը հիմնված չէ նրանց ֆինանսական դրության վրա:

Բայց պետք չէ շտապել ուրախանալ, սիրելի խնայողներ. հետազոտության հեղինակները բացահայտել են նաև, որ խնայողները ավելի ձանձրալի են, քանի որ խնայողները ավելի քիչ են հակված ռիսկային քայլերի, քան ծախսողները: Սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով, նրանք շարունակում են մնալ ավելի համակրելի զուգընկեր, քան ծախսող մարդիկ:

Ըստ Yahoo Finance թղթակից Ջենիֆեր Ուոթերսի

Ինտերնետը ոչինչ չփչացրեց…

Թողնել մեկնաբանություն

ինտերնետի_ազդեցություն«Տեսողությունը փչացնում է», «ողնաշարի հետ խնդիրներ», «բթացնում է», «գիրք չեն կարդում մարդիկ»… այս արտահայտությունները այնքան են ասվել, որ դրանք մեկ անգամ եւս կրկնելը այլեւս ոչ մի ազդեցություն չի ունենում, ինչպես ծխող մարդու համար «ծխելը վնասակար է առողջությանը» արտահայտությունը:

Իրականում ինտերնետի ազդեցությունը ուղիղ համեմատական է նրան, թե ինչպես ենք մենք օգտվում ցանցից: Թերեւս ես կարող եմ մեծ համեմատական գիծ տանել իմ կյանքի օրինակով՝ մինչեւ ինտերնետը եւ հետո: Սկսել եմ ինտերնետից նորմալ օգտվել այն տարիներին, երբ ֆեյսբուքը դեռ գոյություն չուներ, էլ չեմ ասում օդնօկլասսնիկի մասին: Կային բառարաններ, հանրագիտարաններ, որոնցից օգտվելը քեզնից մի քանի անգամ քիչ ժամանակ էր պահանջում, քան մեր «մանկության հին սովետական կանաչ հանրագիտարանները»: Ամեն հարցի շուրջ կար բազմակողմանի, չխմբագրված տեղեկատվություն:

Ինտերնետի օգնությամբ ես առաջին անգամ հասկացա, թե ինչքան հետաքրքիր են ֆիզիկան, քիմիան (չնայած որ դպրոցում սիրելի առարկաների ցուցակում դրանք ինձ համար վերջին տեղերում էին), հասկացա, որ աշխարհագրությունը եւ քարտեզագիտությունը կարելի է սովորել ավելի հետաքրքիր ձեւով (3D քարտեզներ): Համաշխարհային պատմությունը դարձավ ավելի պատկերավոր եւ հետաքրքիր, քանի որ բազմաթիվ պատմական դեմքեր կենդանացան՝ իրենց հագուստով, ապրելու միջավայրով, դարաշրջանով…

Ինտերնետի օգնությամբ սովորեցի… իմ մասնագիտությունը: Եթե չլիներ այն տեղեկատվությունը, որ տրամադրում էին միջազգային համալսարանները բաց դասախոսությունների տեսքով, ապա մասնագիտական շատ հարցրեր մինչ այսօր էլ ինձ համար բաց կմնային:

Ինտերնետի օգնությամբ գտա նոր հեղինակների եւ… ինտերնետի օգնությամբ գնեցի նրանց գրքերը, որոնք այժմ դրված են իմ գրասեղանին: Ինտերնետը իմ մեջ չկոտրեց ընթերցելու նկատմամբ սերը, չփչացրեց տեսողությունս (մինչ այդ գրքերն էին դա արել), չսահմանափակեց ընկերներիս հետ ոչ վիրտուալ շփումը եւ այլն…

Ինտերնետը ինձ հնարավորություններ տվեց: Առաջարկեց դատարկաբանել սոցիալական ցանցերում եւ ֆորումներում կամ սովորել լեզուներ, սպանել ժամանակը՝ անիմաստ աստղիկների մասին անիմաստ նորություններ կարդալով կամ ընթերցել համաշխարհային գրականության հատորներ, որ հայերեն չեն թարգմանվել եւ Հայաստանում չեն էլ վաճառվում, առաջարկեց խաղալ խաղեր՝ տափակ կամ տրամաբանական: Իսկ թե առաջարկներից ո՛ր մեկը ընդունեցի, արդեն իմ՝ անհատիս խնդիրն է: Եթե ուզում էի նստեի բլոտ խաղալու, բլոտ խաղացի ինտերնետով, եթե ուզում էի ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել, ինտերնետը տվեց այդ հնարավորությունը, եթե ուզում էի գիրք կարդալ, ինտերնետը ինձ չխանգարեց, եթե ուզում էի դաս անել, ինտերնետը ինձ չխանգարեց… Ծխող մարդուն իրենից բացի ոչ ոք չի կարող օգնել թողնել ծխելը, եթե ինքն անձամբ չի ուզում:

Ինտերնետը դարձավ մեծ խոշորացույց. բազմապատկեց թե՛ լավը, թե՛ վատը… ծուլությունը եւ աշխատասիրությունը, շփվելու եւ չշփվելու ցանկությունը… Եկեք ինքներս մեզ խոստովանենք, որ ինտերնետը ոչինչ չփչացրեց… այն միայն մատնացույց արեց այն, ինչ արդեն փչացել էր:

Շնորհակալության մասին

Մեկնաբանություններ (2)

Շատերս ենք գովասանք կամ «շնորհակալություն» ակնկալում ինչ-որ գործ անելուց, ինչ-որ մեկին օգնելուց հետո: Եվ եթե ստանում ենք, մեզ բավարարված, գնահատված և լավ ենք զգում: Իսկ հակառակ դեպքու՞մ…

Հաճա՞խ ենք շնորհակալություն հայտնում մեր շրջապատի մարդկանց: Հաճա՞խ ենք ցույց տալիս, որ տեսնում և գնահատում ենք դիմացինի արարքը: Համոզված եմ, որ ոչ:  Բոլորն էլ սպասում են «շնորհակալության» այնքան, որքան և մենք:

Առօրյայում տղամարդիկ զիջում են իրենց տեղը տրանսպորտում, բացում են մեր փոխարեն դուռը և այլն: Եվ չնայած շատերը ընդունում են, որ դա «այդպես էլ պետք է լիներ», երախտագիտությունը երբեք էլ ավելորդ չէ:

Առօրյայում կանայք զբաղվում են տան գործերով, ճաշ են եփում, խնամում են երեխաներին և այլն: Եվ չնայած շատերը ընդունում են, որ դա «այդպես էլ պետք է լիներ», երախտագիտությունը երբեք էլ ավելորդ չէ:

Առհասարակ չնայած կարծրատիպերին, մշակութային առանձնահատկություններին, անձի մտածելակերպին, ոչինչ այս կյանքում «այդպես էլ չպետք է լիներ»: Մի՛ մոռացեք շնորհակալություն հայտնել, որպեսզի նույն երախտագիտությամբ էլ Ձեզ վերաբերվեն:

Հ.Գ. Շնորհակալություն ընթերցելու համար 😉 

Ծնողների Էքսպերիմենտը… երեխաներ

Մեկնաբանություններ (3)

Վերջերս կարդացի մի պատմություն, որտեղ ասվում էր, որ կանադացի մի զույգ որոշել է ոչ ոքի չասել նորածին երեխայի սեռը` այդպիսով նրան դաստիարակելով ազատ և հասարակության կողմից ստեղծված ստերեոտիպներից անկախ…

Սեռը ոչ ոքի չասելը իրենից ենթադրում է, որ երեխայի հետ շփվող ոչ մի անձ չի իմանալու` իր դիմաց աղջիկ է, թե տղա: Այսինքն` փոքրիկը նույն հաջողությամբ կարող է հագնել թե´ վարդագույն փոռիկներով զգեստ, թե´ տղայի շորտեր, խաղալ «տղայական» կամ «աղջկական» համարվող խաղալիքներով և այլն:

Ծնողները բացատրում են, թե այս մեթոդով փորձում են զերծ պահել իրենց երեխային վարդագույն-կապույտ կարծրատիպերից: Հնարավորություն են տալիս ընտրել խաղալիքներ և հետաքրքրություններ` անկախ իր սեռին արհեստականորեն «կցված» ստանդարտներից, փորձում են զերծ մնալ երեխայի փոխարեն որոշումներ ընդունելուց և նրան իրենց կամ հասարակության կողմից ընդունելի համարվող որոշումները պարտադրելուց և այլն: Որպեսզի որևէ կերպ չմատնեն երեխայի սեռը, նրան անվանել են … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Սայլակից մրցուղի

Թողնել մեկնաբանություն

Երբ անվասայլակով մարդուց պահանջում են մասնակցել վազքի մրցույթի, ապա բնական է, որ արդյունք ակնկալելն անիմաստ է: Բայց երբ նույն անձից պահանջում են ստեղծագործել որևէ երաժշտական գործիքով, ապա կարելի է մեծ նվաճումներ ակնկալել:

Կարծում եմ, որ հաշմանդամների համար անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, կա երկու խնդիր.

  1. Խղճահարություն կամ արհամարհանք հասարակության կողմից,
  2. Խղճահարություն սեփական անձի նկատմամբ:

Իրականում եթե առաջինը կարող էր ինչ-որ կերպ մոտիվացնել, ստիպել անհատին ապացուցել, որ հաշմանդամությունը նրան ոչ մի առումով ավելի ցածր, ավելի վատը կամ ավելի քիչ հնարավորություններով մարդ չի դարձնում, ապա երկրորդը կատարում է ճիշտ հակառակ գործը: Հասարակության կողմից ոչ սովորական վերաբերմունքը կարող է մղել մեծ նպատակների և համապատասխանաբար նվաճումների հասնելուն: Բայց սեփական անձի նկատմամբ խղճահարությունը ստիպում է ընդունել, որ եթե ծնվել ես արատով կամ դարձել ես հաշմանդամ դեպքերի բերումով, ապա քո հնարավորությունները հօդս են ցնդել:

Ցանկացած մարդու համար էլ նպատակներին հասնելը աշխատանք և ջանքեր է պահանջում: Արդար նայելով հասարակության բոլոր անդամներին` կարող եմ ասել, որ նույն ջանքերն են պահանջվելու նաև հաշմանդամներից: Չէ որ նույն ռասիզմը մենք ավելի շատ փորձում ենք շեշտել որպես սպիտակամորթների թերություն, բայց ոչ երբեք սևամորթների, որոնց մեջ … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Ես սիրում եմ հայերին

Մեկնաբանություններ (10)

Այսօր պատահաբար նկատեցի սա և ահավոր զայրացա:

Հարգելի հայեր, մի ալարեք, google translator-ով հավաքեք “ես սիրում եմ հայերին” և կտեսնեք, թե ինչ թարգմանություն է բերում:  Ցավոք սրտի, բերում է “ես սիրում եմ հնդկահավ” տարբերակը: Ես փոխել եմ հնարավոր բոլոր տարբերակներով, բայց Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Ուշադիր եղեք նման հարցերում:

Շնորհակալություն:

2011 վատագույն աստղիկները

Մեկնաբանություններ (2)

Շատ ուրախ եմ, որ վերջապես ամպագոռգոռ Հայօսկար, Արմօսկար ու մնացած վեհ մրցանակաբաշխությունների կողքին ստեղծվեց ավելի ռեալիստական և կարևոր մի մրցանակաբաշխություն…

Տարվա վատագույն…

Դիտեք առանց մեկնաբանությունների:

Older Entries